Բավ է պառակտվել
08-02-2022 10:55

Մածունն ընդդեմ մածոնի․ Վրաստանն արգելել է այս մակնշմամբ հայկական ապրանքների տարանցիկ փոխադրումն իր տարածքով

Հայկական արտադրության մածունն այս մակնշմամբ չի կարող Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն գրանցել է որպես իր աշխարհագրական նշում:

Geographical indication՝ GI-ը անուն է կամ նշան, որն օգտագործվում է որոշակի աշխարհագրական դիրքին կամ ծագման վայրին համապատասխանող ապրանքների համար, ինչպես օրինակ կոնյակը Ֆրանսիայում։ Հայկական արտադրողները սկսել են մածունը Ռուսաստան արտահանել «Հայկական սարի յոգուրտ» մակնշմամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։

«Դեռևս 2011 թ.-ին ՀՀ մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին՝ պատճառաբանելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», - ասել է էկոնոմիկայի նախարարի մամլո քարտուղար Գայանե Անտոնյանը:

Նա վստահեցրել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց գործընկերների հետ աշխարհագրական նշումների կիրառումը պարզաբանելու շուրջ:

«Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ», - ասել է Անտոնյանը։

Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պաշտպանության համաձայնագրի կնքումից հետո։

Նա նաև հավելել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկում է եղել աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պաշտպանության համաձայնագրի շուրջ: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում։

Հոդվածում նշվում է, որ արտահանման համար նախատեսված «մածուն» անվան փոխարեն արտադրող ընկերությունները 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իրենց արտադրանքի վրա գրում են «Հայկական սարի յոգուրտ»։

«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը դիմել է ԱԳՆ-ին, որպեսզի գերատեսչությունը մեկնաբանի ստեղծված խնդիրը։