Բավ է պառակտվել
16-03-2021 10:29

Ինչու՞ է Հայաստանը կորցնում իր կոնյակը։ Ռուս փորձագետը «գաղտնազերծեց» մի շարք խնդիրներ

Ռուսաստանում հայկական կոնյակին խանգարում է թե՛ տեղական «հայկական կոնյակը», թե՛ մրցակցությունը խանութներում, ինչը հատկապես սուր զգացվեց լոքդաունի ժամանակ։ Բայց առկա է ռազմավարական խնդիր. անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է կոնյակը պահպանել առանց այս անվանման: Միևնույն է, դա պետք է արվի։

Երկար տարիներ Հայաստանը պահպանում էր կոնյակի խոշորագույն արտահանողի դիրքը Ռուսաստան, բայց 2020-ին այստեղ վաճառքը նվազեց 25%-ով: «Ամեն ինչ կորոնավիրուսի պատճառով է»․ սա ամենաակնհայտ, բայց ոչ լիովին ճիշտ պատասխանն է, Sputnik Արմենիային տված հարցազրույցում բացատրում է հայտնի ռուս մարքետոլոգ, Retail4you- ի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Լիշչուկը:

Նրա խոսքով, կա նման իրավիճակի մի քանի պատճառ՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ:

Նախ պետք չէ մոռանալ, որ «հայկական կոնյակ» ապրանքանիշը դուրս կգա գործածությունից: Ֆրանսիայի պահանջով 22 տարի անց Հայաստանը չի կարողանա օգտագործել «կոնյակ» բրենդն արտաքին շուկաներում: Այ կետը շարադրված է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որը ստորագրվել է 2017 թվականին: Ճիշտ է, պայմանագրում նշված է 25 տարի ժամկետ, բայց երեք տարի արդեն անցել է, իսկ տեղական արտադրողները և պետությունը դեռևս չեն սկսել նոր ապրանքանիշ ստեղծելու ռազմավարությունը: Մենք դրան կանդրադառնանք ավելի ուշ, իսկ հիմա կսկսենք հիմնական խնդիրներից:

Խոսքը նույնիսկ կեղծված արտադրանքի մասին չէ, այլ կոնյակի, որը չի պատճենում հայկական ապրանքանիշերը և լրիվ օրինական արտադրվում է Ռուսաստանում, բայց ներկայացվում է որպես հայկական: Անուններ չենք տա, որպեսզի մեզ չմեղադրեն հակագովազդի մեջ, բայց շատ ռուս գնորդներ կարող են հիշել դրանք: Փորձագետը նշում է, որ նման պսևդոհայկական ապրանքանիշերը Ռուսաստանում արդեն իսկ ավելի շատ են վաճառվում, քան հայկական բնօրինակ կոնյակը:

Հայաստանում գործում է «Խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների մասին» օրենքը, ըստ որի՝ հայկական կարող է համարվել միայն տեղական սպիրտի հիման վրա արտադրված և Հայաստանում շշալցված կոնյակը: Իհարկե, Ռուսաստանն ունի իր օրենսդրությունը, բայց Հայաստանը կարող է և պետք է համաձայնության գալ միջպետական մակարդակում «հայկական կոնյակ» բառակապակցության պաշտպանության հարցում: Ռուսաստանն ինքը նույն կերպ պաշտպանում է «ռուսական» անվանումն իր ապրանքների համար՝ թույլ չտալով օգտագործել այն այլ երկրներում, շեշտեց Լիշչուկը:

«Դուք կարող եք բանակցություններ վարել, ձեզ կլսեն և կաջակցեն Եվրասիական տնտեսական միությունում: Չէ որ ԵԱՏՄ-ն ստեղծել ենք հենց միմյանց իրավունքների և շուկաների պաշտպանության համար», - ընդգծեց փորձագետը:

Բայց մրցակցությունը մնում է մրցակցություն

Ռուսաստանում ճանաչում և գնահատում են հայկական կոնյակը, բայց շուկայում հայտնվում են թունդ ալկոհոլի ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան տասնյակ նոր տեսակներ, այդ թվում՝ կոնյակ: Ռուսաստանում վաճառքի առաջատարը տեղական կոնյակն է, առաջին հերթին գնի պատճառով, նշում է Լիշչուկը: «Արարատի» 0,5 լիտրն արժե մոտ 1200 ռուբլի, իսկ ռուսական կոնյակները ՝ 600-900 ռուբլի:

Իհարկե, հարցն այն է, թե ինչ սպիրտից են պատրաստվում դրանք, նշում է փորձագետը: Շատ գործարաններ ասում են, որ նրանք գնում են ֆրանսիական սպիրտ, բայց մեծ քանակությամբ կոնյակի սպիրտ Ռուսաստան է մտնում Ուզբեկստանից և Ղազախստանից: Այսպես թե այնպես, ռուսական բիզնեսը կարողացավ իր համար տեղ ստեղծել շուկայում: Կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ հարկ եղավ հաշվի առնել դա:

Միֆ է այն փաստը, որ ռուսները զանգվածաբար սկսել են խնայել սնունդի և խմիչքի վրա, կարծում է փորձագետը: Միջինացված ՌԴ-ում սպառողների գնողունակությունը նվազել է 10%-ով, բայց միևնույն ժամանակ, քաղաքացիները չէին ծախսում ճանապարհորդությունների և ռեստորանների վրա:

Պայմանականորեն ասած, նախկինում ռուսաստանցիները 100 ռուբլուց 70-ը ծախսում էին խանութների գնումների (մթերք, տնտեսական ապրանքներ, հագուստ) և կոմունալ ծառայությունների համար (մնացած 30-ը ծախսվում էր ուղևորությունների, ռեստորանների, կինոթատրոնների և այլնի վրա): Լոքդաունը սկսվելուն պես դրամապանակում մնաց ոչ թե 100, այլ 90 ռուբլի, բայց դրա փոխարեն ամբողջը ծախսվում էր խանութներում գնումների և կոմունալ ծառայությունների վրա (ի վերջո, գրեթե բոլոր ռեստորանները փակ էին, և զբոսաշրջույթունը գործնականում դադարել էր): Ցավոք, ոչ բոլոր հայ արտահանողները հասկացան այն, ինչը ժամանակին կռահեցին իրենց մրցակիցներից շատերը. Անհրաժեշտ է ուժեղացնել մարքետինգը խանութներում, հավելեց Լիշչուկը:

Նախկինում պրեմիում հատվածի, ինչպիսիք են ծովամթերքն ու էլիտար ալկոհոլը, զգալի մասը, սպառվում էր ռեստորաններում և սրճարաններում: 2020-ին այս ամբողջ հոսքը ուղղվեց խանութներ, որտեղ հայկական կոնյակի դիրքը, ցավոք, ավելի թույլ է, հավելեց նա:

Ռեստորաններն առաջարկում են բոլորի կողմից ճանաչված էլիտար ըմպելիքների նեղ տեսականի: Եթե մենք խոսում ենք կոնյակի մասին, ապա դա ֆրանսիականն է, հայկականը և միգուցե ևս մեկ կամ երկուսն: Այստեղ հայկական կոնյակը երաշխավորված ներկայացված էր: Բայց խանութներում ամեն ինչ բոլորովին այլ է՝ այնտեղ մրցում են տասնյակ արտադրողներ, էլիտար և ոչ այնքան:

«Եթե հայ արտադրողները պատրաստ լինեին դրան, ավելի ակտիվ աշխատեին մանրածախի հետ, ապա նախորդ տարում գուցե նույնիսկ վաճառքի աճ ունենաիք: Բայց դա տեղի չունեցավ, և վաճառքն ընկավ», - բացատրեց Լիշչուկը: