Բավ է պառակտվել
27-04-2021 14:04

Բերք՝ ամեն շաբաթ․ Հայաստանի գյուղինստիտուտը նոր տեխնոլոգիայով գարի կաճեցնի

Գարու ածիկը (ծլած գարին) անասնակերի կարևոր հավելում կլինի, հատկապես ձմռանը, երբ անասնաբույծները թարմ կեր չունեն անասունների համար:

Հայաստանի պետական ագրարային համալսարանը կսկսի անասնակեր աճեցնել հիդրոպոնիկ տեխնոլոգիայի միջոցով: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց համալսարանի (ավելի հայտնի «Գյուղատնտեսական ինստիտուտ» նախկին անվամբ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Փորձնական արտադրությունը լավ պրակտիկա կլինի գյուղատնտես ուսանողների համար, շեշտեց նա:

Կերի գարին կաճեցվի հիդրոպոնիկ եղանակով, որի դեպքում հողի փոխարեն օգտագործվում են հատուկ քարատեսակներ (օրինակ՝ պեռլիտ), կամ տորֆ կամ այլ օրգանական պարարտանյութեր: Աճեցնելու համար կօգտագործվեն խթանիչներ, բայց միայն կենսաբանական: Համալսարանի դասախոսներն արդեն կազմել են դրանց լուծույթներ։ Նրանք ցանկանում են արդեն մոտ ապագայում սկսել ցանքը։

Նման արտադրությունը բաց դաշտերի համար չէ, այս եղանակի դեպքում կիրառվում է կաթիլային ոռոգում և լուսավորման հատուկ ռեժիմ: Այս ամենը, հիդրոպոնիկ տարաների հետ միասին, տեղադրվում է փակ տարածքներում: Այսպիսով, ցանքատարածքները շատ մեծ չեն լինի, բայց մյուս կողմից՝ բերքը՝ գարու ածիկի տեսքով, ամառ թե ձմեռ հասունանում է ամեն շաբաթ: Այսպիսով, նույնիսկ ցուրտ սեզոնին անասունները կկարողանան թարմ սննդային հավելումներ ստանալ:

Առաջին բերքահավաքից հետո արդյունավետությունը կփորձարկվի հայտնի եղանակով. կովերի մի խումբ կստանա գարի, մյուսը՝ ոչ:

Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ նման հավելումների շնորհիվ կովերի կաթնատվությունն աճում է 20-25% -ով:

«Հիմա մենք պետք է փորձարկենք մեր պայմաններում, ինչպես նաև հաշվարկենք ֆինանսական ծախսերը կերի, ինչպես նաև կաթի և մսի միավորի համար», - ասաց Ուռուտյանը:

Գարու աճեցման համար լուծույթների, դրանցում սննդանյութերի պարունակության, ինչպես նաև անասունների կաթնատվության և քաշի ավելացման վերաբերյալ բոլոր հաշվարկները կանեն համալսարանի բակալավրները և մագիստրոսները:

Ծրագիրն իրականացվում է գյուղատնտեսական վարկերի գծով մասնագիտացած հանրապետության բանկերից մեկի ֆինանսական աջակցությամբ:

Նշենք, որ խորհրդային տարիներին ձմռանը անասունների հյութեղ կերերի հարցը լուծվում էր սիլոսի պատրաստման միջոցով: Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո երկաթբետոնե սիլոսային աշտարակներն, ինչպես և կոլեկտիվ և պետական տնտեսությունների այլ գույքը թալանի ենթարկվեց։