Բավ է պառակտվել
13-09-2018 12:54

Վրաստանի տարածքով ցորենի փոխադրման արգելքը պատժամիջո՞ց Հայաստանի դեմ․ հեղինակային հոդված

Սեպտեմբերի 15-ից Վրաստանն ուժի մեջ է մտցնում բեռնատարներով ցորենի և ցորենաշորային ալյուրի ներկրման - արտահանման արգելքը։
Երկրի ֆինանսների նախարարի հրամանի համաձայն՝ ցորենի և ցորենաաշորային ալյուրի ներկրումն ու արտահանումն այդուհետ հնարավոր է իրականացնել միայն երկաթուղային կամ ծովային տրանսպորտով։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային տրանսպորտին, նման բեռնափոխադրումը հնարավոր է առանձին դեպքերում՝ Եկամուտների ծառայության համաձայնությամբ։ Գերատեսչության ղեկավար Իվանե Մաչավարիանիի խոսքերով, այս արգելքի պատճառը ռուս-վրացական պետական սահմանին առաջացող խցանումներն են։
“Սահմանային անցման կետերում երկար հերթեր էին, զբոսաշրջիկներին չէր հաջողվում մուտք գործել, և հարյուրավոր մեքենաներ ետ էին վերադառնում։ Այս խնդիրն առանձնապես նկատելի էր “Լարս” անցակետում, - ասել է Մաչավարիանին։ Ինչպես նկատել է նախարարը, հացահատիկի ներկրման բավականին քաղաքկիրթ և արդյունավետ ուղի կա՝ օգտագործել երկաթուղային և ծովային տրանսպորտը։ Ընդ որում Մաչավարիանին ընդգծել է, որ տնտեսությունում դա որևէ դիսոնանս չի առաջացնի և թանկացումների չի հանգեցնի։

Նոր կարգավորմից ամենից շատ կտուժի Հայաստանը, որը հացահատիկի գրեթե ողջ ծավալը բեռնատարերով Ռուսաստանից ներկրում է Վրաստանի տարածքով։ Հայաստանը տարեկան միջինում ներկրում է 280-300 հազար տոննա հացահատիկ։ 2017 թ․ ներկրումը կազմել է մոտ 308 հազար տոննա։ 2016թ․ հացահատիկի 156 հազար տոննան փախադրվել է երկաթուղով, 2017թ․ այդ ցուցանիշը կազմել է 111 հազար տոննա։ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրայնը հայտարարել է, որ սահմանափակումները կարող են հացահատիկի թանկացման պատճառ դառնալ։
“Չեմ կարող ճշգրիտ ասել, թե որքանով դա կանդրադառնա հացահատիկի գնի վրա, սակայն վերջին տարիներին՝ ունենալով այլընտրանք, մեր ներկրողները գերադասում էին ապրանքը ներկրել “Վերին Լարս”-ով։ Բնականաբար, դա ավելի էժան է”, - ասել է նախարարն, ավելացնելով, որ Երևանը ստիպված է հարգել Վրաստանի որոշումը։
Նրա խոսքերով տրանսպորտի ոլորտի հայաստանցի աշխատակիցներն այս փուլում բանակցություններ են վարում վրացի գորընկերների հետ՝ հացահատիկի փախադրումների համար զեղջերի հասնելու և իրավիճակն ինչ-որ չափով մեղմելու նպատակով։
“Ամեն ինչ կախված է զեղջի չափից։ Եթե այն զգալի լինի՝ միգուցե հնարավոր լինի խուսափել թանկացումից։ Սակայն եթե մեզ զեղջ չտրամադրվի, ապա որոշ հաշվարկներով մեկ կիլոգրամի գինը կարող է աճել 25 դրամով”,- տեղեկացրել է Խաչատրյանը։
“Ելք” դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ այդ հարցի շուրջ խոսել է ներկրողների հետ և հանգել եզրակացության, որ սեպտեմբերի 15-ից հետո հացահատիկի թանկացումը Հայաստանում անխուսափելի է։ “Իրենց հաշվարկներով, եթե հացահատիկը միայն Փոթիով ներկրվի՝ մեկ տոննայի արժեքը կավելանա 50 դոլարով”, - ասել է նա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վրացական և Հարավ-կովկասյան երկաթուղիները համաձայնել են սեպտեմբերի 1-ից 52%-ով նվազեցնել Փոթիից (Վրաստան) Հայաստան հացահատիկի բեռնափոխադրման սակագինը։ Գնային արտահայտմամբ սակագնի իջեցումը կկազմի 24,18 դոլար մեկ տոննայի համար։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի երկաթուղիների մամլո ծառայությունը, Փոթի նավահանգստից Սադախլո կայարան 150 հազար և ավելի տոննա ցորենի ու ցորենաաշորային ալյուրի տարանցման արժեքը կնվազի 30 տոկոսով։ Այսպիսով, հայկական ընկերությունները մեկ տոննայի դիմաց կվճարեն 12,38 դոլար։ Տարանցիկ փոխադրման արտոնյալ գինը կգործի մինչև 2019թ․վերջը։
Մինչդեռ Վրաստանը չի սահմանափակվել միայն բեռնատարներով ցորենի ներկրման արգելքով․ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու նաև բեռնատարներով եգիպտացորենի փոխադրման լիարժեք սահմանափակումը։
“Դեմպինգային գին է նկատվում Լարսի անցակետով ներկրվող ռուսական եգիպտացորենի համար, քանի որ այն ձեռք է բերվում անօրինական պայմաններում։ Անօրինական բիզնեսն ինքնին անօրինական գնագոյացման է հանգեցնում։ Դեմպինգային գների ձևավորում է նկատվում թե՛ ցորենի, թե՛ եգիպտացորենի համար”,- նկատել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլին։
Նրա խոսքերով, տվյալ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով տեղական գյուղատնտեսների և սպառողների շահերը։ Այսպիսով եգիպտացորեն արտադրողները կհայտնվեն առողջ մրցակցային մթնոլորտում , իսկ սպառողները ավելի շատ պաշտպանված կլինեն անորակ ապրանքից։ Մեկ տոննա եգիպտացորենի համար թանկացումը կարող է 30 դոլար կազմել ։

Հայաստանում այս կապակցությամբ կանխատեսում են նաև հավի և հավկիթի գների բարձրացում։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայատան էր ժամանել։ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություններում այս հարցի շուրջ որևէ պայմանավորվածությունների մասին չի հայտարարվել։ Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր վրաց գործընկերը շատ հավակնոտ ծրագիր է առաջարկել, և հայկական կողմը լիովին պաշտպանում է այն։
“Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի։ Սա կոնկրետ թեմա է, որի շուրջ մենք բոլորս կարող ենք դիրքորոշում ունենալ, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ քայլերով գնալ խնդրի լուծմանը”, - ասել է Փաշինյանը։
Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Gisher.news թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ անխուսափելի է համարում հանրապետությունում գների աճը վրացական իշխանությունների որոշման արդյունքում։
“Անպայման գների աճ է նկատվելու, անգամ կասկած չի կարող լինել։ Դա այն սակավաթիվ ցամաքային ճանապարհներից մեկն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ապրանքաշրջանառություն իրականացնել, բեռներ փոխադրել։ Հացահատիկն առաջին անհրաժեշտության ապրանք է, և ավտոտրանսպորտով ցորենի և ցորենաաշորային ալյուրի ներկրման - արտահանման արգելքը Հայաստանի համար մեծ խնդիրներ է առաջացնելու։ Մետք դեպի ծով ելք չունենք, օդային ճանապարհով փոխադրումը շատ թանկ է, երկաթուղին այս դեպքում չի օգնի”,- նշել է փորձագետը։
Ինչպես նշել է փորձագետը, ցորենն ինքնին թանկ ապրանք է, և բնականաբար փոխադրումների նոր կարգը հանգեցնելու ոչ միայն հացի, այլև բոլոր այն ապրանքների թանկացմանը, որոնք ցորեն կամ ալյուր են պարունակում։ Այսօր նրանք արգելք են մտցնում որոշակի խմբի ապրանքների փոխադրման համար, վաղը մի ուրիշ բան կարող է լինել, հաջորդ օրը նրանք կարող են արգելել բոլոր ապրանքների ցամաքային փոխադրումը Վրասատանի տարածքով, ասել է տնտեսագետը։
Հարցին, արդյո՞ք հայ փոխադրողների համար երկաթուղով հացահատիկի փոխադրման սակագնի իջեցումը չի մեղմի իրավիճակը, Բոստանջյանը պատասխանել է, որ այս իրավիճակում ամեն դեպքում պետք է այլընտրանք փնտրել։
“Այլընտրանքի բացակայության դեպքում երկաթուղին օգտագործելուց բացի մեզ ուրիշ ոչինչ չի մնում անել։ Նրանք մեր հարևաններն են, մենք պետք է աշխատենք նրանց հետ, փորձենք փոխշահավետ պայմանների մասին պայմանավորվել”, - ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է Վրասատանի վարչապետ Մամուկա Բախտաձեի օրերս Երևանում արած հայտարարությանը՝ մոտ ժամանակներում Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի հասցնելու մասին, փորձագետը համարում է, որ Թբիլիսին այս ձևով ուղերձ է հղում, ասելով, որ Երևանից որոշակի քայլեր է ակնկալում, որոնք կարող են բոլորովին տնտեսական բնույթ չկրել։
“Օրինակ, Հայաստանը պատրաստվում է հումանիտար առաքելություն ուղարկել Սիրիա, որն աշխատելու է ռուսական ուժերի հետ։ Որոշ երկրների դա կարող է դուր չգալ, և ցամաքով բեռնափոխադրումների արգելքը կարող է պատժամիջոցի մի ձև լինել։ Կարող են տարբեր հարցեր լինել, սա իմ ենթադրությունն է”,-ասել է նա։
Այսպիսով, Բոստանջյանի կարծիքով, Լարսի սահմանակետի ծանրաբեռնվածության նվազեցումը կարող է լոկ պատրվակ լինել։ Երկրների համագործակցությունը պետք է նույնքան օգտակար լինի երկու կողմերի համար։ Եթե մի կողմը լրացուցիչ բարդություններ է ստեղծում մյուսի համար, նշանակում է պայմանները խախտվել են”, - եզրափակել է տնտեսագետը։