Բավ է պառակտվել
10-01-2022 18:01

Արցախի ՄԻՊ-ը հորդորել է «Գուգլ»-ին չտրվել Ադրբեջանի սադրանքներին և զերծ մնալ հայկական տեղանունները թվային քարտեզներից հեռացնելուց

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։
2021 թվականի դեկտեմբերի վերջին լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ «հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումներն օգտագործելուց»։ Ներկայումս Google Maps-ում աշխարհագրական անունները նշվում են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:

Պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը։
Ստեփանյանը նշել է, որ Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։
«Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջների իրական դրդապատճառները հեշտությամբ կարելի է սահմանել. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Արցախի հայկական տեղանունները տեղանքի հիշողություններ են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, ովքեր այդ անունները տվել են այդ վայրերին։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը»,- գրել է նա։

Պաշտպանը նամակում ներկայացրել է միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն։

Ստեփանյանը նշել է, որ հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։

Բարձր գնահատելով ընկերության մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։