Հայաստանի առաջին հայրենական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք արձակվեց։
Արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց դեկտեմբերի 1-ին, Երեւանի ժամանակով ժամը 22.18-ին, SpaceX Falcon-9 հրթիռով Վանդենբերգ ռազմաօդային բազայից (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Արբանյակը կշռում է 1 կգ, չափերը՝ 10 սմ X 10 սմ X 10 սմ։ Յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ այն 1 ամբողջական պտույտ կկատարի Երկրի շուրջ։ Արբանյակի ուղարկած ազդանշանները կարելի է որսալ Հայաստանի երկնքով անցնելիս։
«Հայասաթ-1»–ը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի (CSIE) կողմից:
