Բավ է պառակտվել
06-10-2021 11:14

Ցուկերբերգը հերքել է հանուն շահույթի օգտատերերի անվտանգությունն անտեսելու վերաբերյալ մեղադրանքները

Facebook-ը «խորապես մտահոգված է» այնպիսի հարցերով, ինչպիսիք են իր օգտատերերի անվտանգությունը, բարեկեցությունը և հոգեկան առողջությունը: Այսպես է սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը պատասխանել ընկերության արտադրանքի գծով նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենի մեղադրանքներին, ով հայտարարել է, որ հարթակն անտեսում է իր արտադրանքի վնասակարությունը երեխաների համար, գժտություն է սերմանում և շահույթն ավելի բարձր է դասում օգտատերերի անվտանգությունից։

«Այս մեղադրանքների հիմքում այն գաղափարն է, որ մենք շահույթն ավելի բարձր ենք դասում անվտանգությունից և բարեկեցությունից: Դա պարզապես սուտ է», - գրել է նա իր էջում, նշելով, որ, իր կարծիքով,«ամենաբազային մակարդակում ոմանք պարզապես չեն գիտակցում, թե ընկերության ինչ կեղծ պատկեր են ներկայացնում»:

«Այդ հայտարարություններից շատերը ոչ մի իմաստ չունեն։ Եթե մենք ուզում ենք անտեսել հետազոտություններն, ապա ինչո՞ւ պետք է ոլորտում առաջատար հետազոտական ծրագիր ստեղծեինք այդ կարևոր հարցերը (անվտանգությունն ու հոգեկան առողջությունը - ՌԲԿ) հասկանալու համար», հարց է տալիս Ցուկերբերգը: «Եթե մենք չենք մտածում վնասակար բովանդակության դեմ պայքարելու մասին, ինչո՞ւ ենք այդքան մարդ վարձել, որ զբաղվեն դրանով»,- շարունակել է նա։

Խոսելով երեխաների համար անպատշաճ բովանդակության մասին պնդումների մասին՝ Ցուկերբերգը նշել է, որ դեռահասներն այժմ ակտիվորեն օգտագործում են տեխնոլոգիաները, և այս փաստը անտեսելու փոխարեն տեխնոլոգիական ընկերությունները պետք է ստեղծեն նրանց կարիքները բավարարող և անվտանգությունն ապահովող ապրանքներ:

Նրա խոսքով՝ հենց այս գաղափարին են հետևել մեծ թվով անվտանգության մեխանիզմներ ունեցող Messenger Kids–ի՝ «մեծահասակների» Messenger հավելվածի պարզեցված տարբերակի մշակողներն: Օրինակ, այն օգտագործելու, որևէ մեկին ընկերների թվում ավելացնելու համար օգտատերերը նախ պետք է ծնողների համաձայնությունը ստանան:

Ցուկերբերգը հավելել է, որ Facebook-ը մտածում էր Instagram-ի համար նույնպես ծնողական վերահսկողության ֆունկցիա ստեղծելու մասին: Ընկերությունն այժմ կանգնեցրել է նախագիծը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի փորձագետների հետ շփմանը և համոզվի, որ այն օգտակար կլինի երեխաների համար:

Ավելի վաղ Facebook-ի նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը Սենատում ելույթում ասել է, որ ընկերությունը սիստեմատիկորեն շահույթն ավելի վեր է դասում իր օգտատերերի անվտանգությունից և քիչ է մտածում հասարակության վրա ազդեցության մասին:

Ըստ Հաուգենի, արտադրողականության չափանիշները թելադրում էին Facebook-ին գործողություններ, որոնք նպաստում էին քաղաքական պառակտմանը, բռնության խորացմանը և վնաս են հասցնում հոգեկան առողջությանը։ Նա ընդգծել է, որ սոցիալական ցանցը վնասում է երեխաներին: Նրա խոսքով, օրինակ՝ Facebook-ը նպաստել է աղջիկների մոտ իրենց մարմնի նակտմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։

Այս կապակցությամբ Հաուգենն առաջարկել է սոցիալական ցանցերի օգտատերերի նվազագույն տարիքային շեմը 13 տարեկանից բարձրացնել 17 տարեկանի։ Ներկայումս Facebook-ում հաշիվ կարելի է բացել 13 տարեկանից: