Բավ է պառակտվել
18-10-2020 13:48

Ամբողջ տարածաշրջանին սպառնում է խոլերայի, ժանտախտի բռնկումներ

Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:

Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտերում զոհվածների մարմինների առկայությունը, որոնք հնարավոր չէ դուրս բերել ադրբեջանական կողմից մարդասիրական հրադադարի ռեժիմի խախտման և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ համապատասխան ընթացակարգերից Բաքվի կողմից հրաժարվելու պատճառով, հղի է լուրջ հետևանքներով, ներառյալ տարբեր համաճարակների բռնկումներ:

Նման նախազգուշացում է տարածել Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Նշվում է, որ առկա համաճարակաբանական իրավիճակը սպառնում է ոչ միայն հայկական կողմին, Ղարաբաղին, այլ նաև Իրանին: Նախարարությունը նախազգուշացնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո համաճարակների հնարավոր բռնկումների համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են Ադրբեջանի իշխանությունները:

«Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են  քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով», - ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման ախատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար:

Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով։ ԱՆ-ն նախազգուշացնում է, որ այնտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները:

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմը խախտման հետևանքով զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների  հարուցիչները կարող են երկարատև  կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը  ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

«Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկն»,- ասվում է հաղորդագրությունում։

Այս ամենը լլուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ամենավտանգավոր աղբյուրը կարող են լինել Արաքսի ջրային ռեսուրսները։

Ավելի վաղ gisher.news-ը գրել էր այս խնդրի մասին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ զրույցի ընթացքում: