Բավ է պառակտվել
20-11-2022 19:05

Աղի չարաշահումը բարձրացնում է սթրեսի հորմոնի մակարդակը մարդու օրգանիզմում

Մեծահասակների մեծամասնությունը օրական ուտում է գրեթե 9 գրամ աղ, մինչդեռ առաջարկվող չափաբաժինը 6 գրամից պակաս է:

Էդինբուրգի համալսարանը ներկայացնող գիտնականները նշում են, որ աղի չարաշահումը կարող է բարձրացնել օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակը։ Աղի այս հատկությունը նրանց կողմից բացահայտվել է մկների վրա կատարված փորձերի ընթացքում, որոնց ժամանակ դրա ավելցուկը կերի մեջ 75%-ով ավելացրել է արյան մեջ սթրեսի հորմոնի պարունակությունը։ Այս մասին ավելի մանրամասն պատմել է Cardiovascular Research ամսագիրը։

Հետազոտողները պարզել են, որ չափից շատ աղ պարունակող սննդակարգի պայմաններում հանգստի վիճակում կենդանիների մոտ արձանագրվել է սթրեսի հորմոնի կոնցենտրացիայի ավելացում։ Իսկ երբ մկներն իրական սթրես են ապրել՝ այս հորմոնի մակարդակը երկու անգամ գերազանցել է նորմալ կերակրվող կենդանիներինը:

«Մեծահասակների համար առաջարկվող աղի չափաբաժինն օրական վեց գրամից պակաս է, սակայն մարդկանց մեծամասնությունը կանոնավոր կերպով օգտագործում է մոտ ինը գրամ», - գրում է Cardiovascular Research-ը:

Բժիշկները մարդու մարմնում սթրեսի հորմոնների խրոնիկական բարձր մակարդակը կապում են բորբոքումների, հորմոնալ խանգարումների, հիպերտոնիայի և դեմենցիայի նկատմամբ նրա զգայունության հետ: Գիտնականները կարծում են, որ աղի չարաշահումը կարող է նաև նպաստել վարքային խնդիրների, այդ թվում՝ անհանգստության, ագրեսիայի առաջացմանը։ Մկների հետ փորձի ժամանակ նրանք պարզել են, որ ավելորդ աղը խթանում է գեները, որոնք պատասխանատու են ուղեղի սպիտակուցների միացման համար, որոնք վերահսկում են սթրեսին արձագանքը: