Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 2-ին անդրադարձել է իշխանության կողմից իրեն ուղղված մեղադրանքներին՝ կուսակրոնության ուխտը խախտելու և զավակ ունենալու վերաբերյալ։ Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Նորին Սրբությունը շեշտել է, որ ցանկացած մեղադրանք եկեղեցականի հասցեին պետք է քննության առնվի եկեղեցական համապատասխան ատյաններում, այլ ոչ թե հրապարակային քննարկվի։
«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում. սա է սկզբունքը»,– հայտարարել է Գարեգին Բ-ն։ Նա հավելել է, որ ճիշտ չի համարում, որ եկեղեցականները առանձին պետք է անդրադառնան մեղադրանքներին կամ պատասխաններ հնչեցնեն։ Կա մեկ միակ ատյան՝ եկեղեցական ատյանը, որտեղ եկեղեցականը կպատասխանի բոլոր հարցերին՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական։
Կաթողիկոսն անդրադարձել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու և գործող իշխանության միջև հարաբերությունների լարմանը։ Պատասխանելով հարցին, թե որ պահից խզում առաջացավ, Նորին Սրբությունը հիշեցրել է, որ դեռևս 2018 թվականին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկավ իշխանության, շարժման ընթացքում արդեն ձևավորվեց հակաեկեղեցական շարժում՝ Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Չնայած դիվանատան շենքի զավթմանը և այլ գործողություններին, հետագայում շարժումը դադարեց, և իշխանության հետ ձևավորվեցին գործնական հարաբերություններ։
Սակայն, ըստ Գարեգին Բ-ի, որոշ ժամանակ անց հարաբերությունները կրկին լարվեցին։ Նա մատնանշել է իշխանության հստակ համոզմունքը, որն արտահայտվել է վարչապետի կողմից եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ. «Երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը»։ Այդ հայտարարությունից հետո, Կաթողիկոսի խոսքերով, սկսվել են գործողություններ Եկեղեցու դեմ։
Որպես այդպիսի գործողություններ՝ Նորին Սրբությունը նշել է տարիներ առաջ կրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, ամիսներ առաջ բանակում հոգևոր առաջնորդության գործունեության դադարեցումը, եկեղեցու սպասավորների ծառայության խոչընդոտումը քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստատեսության հեռարձակման արգելումը։
Կաթողիկոսը ենթադրել է, որ այս բոլոր դժվարությունները կարող են որոշ չափով պայմանավորված լինել նաև Եկեղեցու կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք բարձրաձայնում ենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցը տարբեր մակարդակներում, ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ։ Այսպիսով, Եկեղեցին ուղիղ կապ է տեսնում իր իրավապաշտպանական գործունեության և պետության կողմից իրականացվող ճնշումների միջև։


«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը Հանրապետության Հրապարակում (ուղիղ եթեր)

