Գնա ընտրության
29-05-2026 03:35

Սամվել Կարապետյան. «Հունիսի 7-ից հետո Փաշինյանը երկու ճանապարհ ունի՝ Կանադա կամ Ադրբեջան»

Սամվել Կարապետյանի առաջին հարցազրույցը. «վախկոտ մարզպետի», 8 մլրդ դոլարի պարտքի և Փաշինյանի ապագայի մասին

«Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով գտնվում է տնային կալանքի պայմաններում, տվել է իր առաջին ծավալուն հեռուստատեսային հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը։ Քաղաքական գործիչը սուր քննադատության է ենթարկել գործող կառավարությանը, ներկայացրել անվտանգային ու տնտեսական ծրագրերը և պատասխանել Նիկոլ Փաշինյանի անձնական սպառնալիքներին։

Զորահանդեսի և 8 միլիարդ դոլարի պարտքի մասին
Անդրադառնալով Հանրապետության օրը կազմակերպված զորահանդեսին՝ Կարապետյանը նշեց, որ Փաշինյանը փորձում է թաքցնել Արցախի հանձնումն ու իր ձախողումները բանակի հարցում.

«Այս իշխանությունը մեր պետության գլխին 8 միլիարդ դոլարի պարտք է կախել։ Բայց այդ գումարը ծախսվել է ծայրահեղ անգրագետ ձևով։ Այդ միջոցներով մենք կարող էինք ունենալ գերժամանակակից տեխնիկայով հագեցած բանակ, որտեղ սահմանները կպաշտպանվեին խելացի համակարգերով՝ քչացնելով մեր զինվորների կյանքի ռիսկը»։

«Փաշինյանը վախկոտ մարզպետ է, որը վախենում է Ալիևից»
Սամվել Կարապետյանը հերքեց իշխանության այն թեզը, թե ընդդիմության գալով պատերազմն անխուսափելի է։ Նրա խոսքով՝ հայ ժողովրդին պատերազմով սպառնում են միայն երեքը՝ Ալիևը, Փաշինյանը և «Գորշ գայլերը»։

«Փաշինյանն ընդամենը մեր երկրում տեղադրված թույլ ու վախկոտ մարզպետ է, ով վախենում է Ալիևից։ Այն հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միմյանց համար խաղաղության երաշխավոր լինել առանց գերտերությունների (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, ԵՄ) մասնակցության՝ անպատասխանատու հիմարություն է։ Հենց Փաշինյանը հեռացվեց, ոչ մեկ չի էլ փորձի սպառնալ մեզ»,- ասաց նա։

Պատասխան՝ բանտարկության սպառնալիքներին. «Փաշինյանը երկու տեղ ունի գնալու»
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Կարապետյանը որպես լրտես տասնամյակներով չի լքի քրեակատարողական հիմնարկը, քաղաքական գործիչը նշեց.

«Ես չեմ պլանավորում հեռանալ Հայաստանից, ես մնալու եմ ու աշխատեմ իմ ժողովրդի համար։ Իսկ թե որտեղ եմ գտնվելու՝ ես եմ որոշելու։ Հունիսի 7-ից հետո Փաշինյանն իմ ապագայի մասով ոչ մի որոշում չի կարող կայացնել, ինքը թող իր ու իր խմբակի ապագայի մասին մտածի։ Ընտրություններից հետո Փաշինյանը երկու տեղ ունի գնալու՝ կա՛մ Կանադա, կա՛մ Ադրբեջան»։

Թուրքերին ու ադրբեջանցիներին արգելվելու է հող գնել Հայաստանում
Կարապետյանը վերահաստատեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակի դեպքում օրենքով կարգելվի Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներին անշարժ գույք կամ հողակտոր գնել ու նվեր ստանալ Հայաստանում։ Նա նաև դեմ արտահայտվեց նրանց մուտքին երկիր նույնիսկ «տուրիստի» տեսքով, քանի դեռ չկա գերտերությունների կողմից երաշխավորված իրական խաղաղության պայմանագիր։

Տնտեսական վերելք և Վերին Լարսի ճգնաժամը
Շարժման առաջնորդը քննադատեց հակառուսական քաղաքականությունը, որի պատճառով հայկական բեռնատարները փչացող ապրանքներով օրերով կանգնած են Լարսում, և երկրին սպառնում է գազի թանկացում։ Քանի որ հայկական գյուղատնտեսության 90%-ը կախված է Ռուսաստանից, հարաբերություններ փչացնելն աղետ է։

Կարապետյանը խոստացավ համակարգային բարեփոխումներ.

0% հարկ փոքր բիզնեսին,

300,000 նոր աշխատատեղերի ստեղծում,

1 միլիարդ դոլարի ներդրում տուրիզմի ոլորտում՝ միջազգային գործընկերների հաշվին,

Դեղերի գների շուրջ 40% նվազեցում՝ թալանչիական սխեմաների վերացման միջոցով։

Հարցազրույցի վերջում Սամվել Կարապետյանը կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ ապատիայից ու վախերից. «Չեն կարող միլիոնավոր մարդիկ վախենալ աշխարհի ամենավախկոտ մարդուց»։ Նա հրավիրեց բոլորին հունիսի 3-ին Հանրապետության հրապարակ՝ «Ուժեղ Հայաստան»-ի մեծ հանրահավաքին՝ հունիսի 7-ին վերջնական հաղթանակ ձևակերպելու համար։

Մենք իրեն ծնկի ենք բերելու հայ ժողովրդի առաջ. Սամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի բնակիչների հետ (տեսանյութ)
«Այս 8 տարիները մեր ազգի խայտառակության տարիներն են». Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի բնակիչների հետ. «Ուժեղ Հայաստանի» ծրագրերը
«Ուժեղ Հայաստան» շարժման նախընտրական հանրահավաքը Վանաձորում. ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Սամվել Կարապետյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագիրը (տեսանյութ)