«Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նախընտրական հանդիպում է անցկացրել Կոտայքի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանություններին և ներկայացրել մարզի տնտեսական վերածննդի ռազմավարական պլանը:
Իր խոսքում քաղաքական գործիչն ընդգծել է մարզում առկա աղքատության բարձր մակարդակը (մինչև 40%) և ստեղծված իրավիճակն ու արտագաղթը որակել է որպես երկրի ղեկավարության անկարողության հետևանք։
Կարապետյանը ներկայացրել է ծրագրային մի քանի առանցքային դրույթներ.
Արդյունաբերական թռիչք: Մոտ մեկ ամսվա ընթացքում Հրազդանում կբացվի Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանը: Մարզում կառուցվող տեխնոպարկի շնորհիվ պղնձի խտանյութը կվերամշակվի երկրի ներսում, այլ ոչ թե կարտահանվի որպես հումք:
Կրթության բարեփոխում: Մանկավարժների աշխատավարձերը կբարձրացվեն 150%-ով՝ մասնագիտության հարգանքը վերականգնելու համար: Քննադատվել է սահմանամերձ գյուղերում դպրոցների փակման և օպտիմալացման քաղաքականությունը:
Զբոսաշրջության զարգացում: Չնայած Գառնիի, Գեղարդի և Ծաղկաձորի հսկայական պոտենցիալին՝ մարզն տարեկան ընդամենը 48 հազար զբոսաշրջիկ է ընդունում: Ծրագրով նախատեսվում է $1 միլիարդի մասնավոր ներդրում ներգրավել ոլորտ:
Աջակցություն բիզնեսին և գյուղացուն: Փոքր և ընտանեկան բիզնեսը (մոտ 70,000 ընկերություն) ամբողջությամբ կազատվի հարկերից և ստուգումներից: Գյուղացիների համար կներդրվի տարեսկզբին ֆիքսված երաշխավորված եկամտի համակարգ:
Սոցիալական երաշխիքներ զինվորներին: 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցները կստանան հերոսի կարգավիճակ, իսկ զոհվածների ընտանիքներն ու արցախահայությունը կլինեն պետության լիակատար հոգածության ներքո: Կարապետյանը նշել է նաև, որ գերիների վերադարձը լինելու է գլխավոր խնդիրներից մեկը:
Հանդիպման ավարտին Սամվել Կարապետյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել հունիսի սկզբին կայանալիք ընտրություններին՝ խոստանալով հաղթանակը նշել Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք մեծ հանրահավաքով:


«Այս 8 տարիները մեր ազգի խայտառակության տարիներն են». Սամվել Կարապետյան

