Գնա ընտրության
04-05-2026 23:35

«Ճակատագրական» ընտրություններ. ընդդիմությունը զգուշացնում է Փաշինյանին հետընտրական պայքարով

Հայաստանում քաղաքական լարվածությունը հասել է գագաթնակետին՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախօրեին։ Մինչ իշխանությունը քրեական գործերի միջոցով ընդդիմությանն է մեղադրում ընտրական հանցագործությունների մեջ, ընդդիմադիր ուժերն իրենց հերթին խիստ զգուշացումներ են հնչեցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել ընտրախախտումների միջոցով։

Վարչապետ Փաշինյանի առանցքային մրցակիցներից մեկը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններում իրենց հաղթանակն ապահովված է։ Անդրադառնալով հետընտրական փողոցային պայքարի հնարավորությանը՝ Կարապետյանը նշել է, որ իշխանությունը ոչինչ չի կարողանա անել, սակայն ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա։ «Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս... մենք լավ տիրապետում ենք իրավիճակին, և հույսով եմ ընտրության օր կունենանք մեր ուզած բացարձակ հաղթանակը, նույնիսկ առանց կոալիցիաների: Վստահ եղեք, որ մենք հաղթելու ենք, իրենք ոչ մի բան չեն կարողանալու անել... Իսկ եթե հանկարծ գնան այդպիսի խեղկատակ քայլերի, դա ունենալու է իր լուրջ հետևանքները», - շեշտել է նա։

Հնարավոր հետընտրական ճգնաժամի մասին նախօրեին զգուշացրել էր նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը, որը նույնպես մասնակցում է ընտրություններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին, իր մտահոգությունն է հայտնել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ այդ իրադարձությունները կարող են «ճակատագրական լինել մեր երկրի համար»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նույնպես չի բացառում ընտրախախտումների հնարավորությունը։ Դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բոլոր զարգացումներին։ «Երբ Փաշինյանը տեսնի, որ արդար ընտրություններով չի կարողանում վերարտադրվել, համոզված եմ, որ ինքը կփորձի գնալ իշխանազավթման, պետական հեղաշրջման, բայց ընտրողները, ժողովուրդը պատրաստ պետք է լինի իր քվեին տեր կանգնել», - ասել է Խաչատրյանը՝ կոչ անելով քաղաքացիներին պաշտպանել իրենց ձայները։

Չնայած հունիսի 7-ի ընտրություններին չմասնակցելու որոշմանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել ընտրական գործընթացներում և հետընտրական պայքարում։ Նրա գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանը վերահաստատել է, որ իրենք կանխելու են Փաշինյանի վերարտադրությունը։ «Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենաուժեղ տղան չի, վաղ թե ուշ գնալու է... մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք: Դա կլինի փողոցային խաղաղ ակցիաներով՝ օրենքի կողմից թույլատրված, նախընտրական թե հետընտրական, դա կարևոր չէ», - հայտարարել է Մամիջյանը։

Իշխանական կողմը այսօր զերծ է մնացել ընդդիմության հայտարարություններին արձագանքելուց։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հավաստիացրել էր, որ ընտրակեղծիքների էջը Հայաստանում փակված է։ Սակայն ընդդիմության միասնական դիրքորոշումը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո Հայաստանում սպասվում են լուրջ քաղաքական զարգացումներ։

Քոչարյան և Սարգսյան. Բազմամյա քաղաքական հակամարտության նոր սրացում
Մեգանախագծերի մրցավազք. Ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը ընտրություններից առաջ
Հայաստանը շրջադարձի առջև. Հունիսի 7-ի ընտրությունները՝ կեղծիքների և ավտորիտար ճնշումների սպառնալիքի տակ
Բացառիկ. Մամուլի ասուլիս հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ | Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին՝ ընդդիմությանը չպառակտելու համար