Բավ է պառակտվել
04-10-2023 12:19

Հայաստանը քայլեր կձեռնարկի Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու համար․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար, ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և ներկայիս խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Մինչ այդ ձերբակալվել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար գեներալ Լևոն Մնացականյանը և պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Դավիթ Մանուկյանը։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները:

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։

«Նաև կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում։»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայաստանում կանխվել է ձերբակալվածների պահման վայրից փախուստի փորձը
Փաշինյանը կոչ է արել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին չհեռանալ Հայաստանից (տեսանյութ)
Անհրաժեշտ է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար
Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում իրենց աղետալի քայլերի հետևանքները․ ադրբեջանագետ
Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նեոնացիզմի դեմ պայքարի ռուսաստանյան բանաձևին