2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Ելնում ենք այն բանից, որ այս համաձայնագրի անքակտելի մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հստակ և հուսալի երաշխիքները, ինչպես նաև եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի անվերապահ կատարումը Ռւոսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։