Բավ է պառակտվել
18-01-2021 17:07

Հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատճառ չի տեսնում, որ Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ չայցելեն։ Նա այդ մասին ասել է այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Ալիևն ասել էր, որ պետք է վերջ տալ դրան, թե չէ Հայաստանն ավելի շատ կզղջա դրա համար։
Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի ու Արցախի հայերի կապը պետք է պահպանվի, ու բոլորը համամիտ են այդ հարցում։
«Եվ եթե բոլորը համամիտ են, ապա չեմ տեսնում այնպիսի պատճառներ, որոնք պետք է խանգարեն այդ մակարդակով շփումներին։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչը Բաքվում ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում։ Տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ», - ավելացրել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար հայտարարել է, նաև, որ Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին:
«Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի մասին: Գիտեք, ինչպես ես եմ հասկանում, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվում ոչ մեկի կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության: Մենք նույնիսկ նման մտքեր չունենք: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այս շրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք օգնել որոնել և գտնել այնպիսի լուծում, որը կապահովի այս շրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակին՝ Լավրովը նշել է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քանի որ դա գիտակցաբար է արվել: Ըստ նրան Խաղաղապահների տեղակայման տարածքը համարվում է նրանց պատասխանատվության գոտի: Հենց այդ փաստի վրա էլ իրենք հիմնվում են Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում։
ՌԴ արտաքին գործերի նախարարին հարց ուղղեցին նաև հայ ռազմագերիների մասին, որոնք գտնվում են Ադրբեջանում: Լրագրողը միաժամանակ նկատեց, որ տեղի են ունենում գործողություններ, որոնք չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ:
«Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է և հենց նոյեմբերի 9-ի գիշերվա տեքստում եղել է, հետագայում քննարկվել է նաեւ տարբեր հեռախոսազրույցների ժամանակ: Հունվարի 11-ին այս հարցը քննարկվել է նաեւ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպեցին երեք երկրների ղեկավարները: Առաջին հերթին պետք էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկեր կազմեին այն մարդկանց, որոնք կորել են: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամարդել է: Հայկական կողմից ցանկ միանգամից չի տրվել եւ տրվել է ոչ ամբողջությամբ: Հիմա գլխավոր հարց է մնում իրավիճակի հետևանքը, որը եղավ դեկտեմբերին Հադրութում եւ նրանք գերի ընկան հայտարարությունից հետո: Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ քանի որ նրանք հայտարարությունից հետո են գերի ընկել, ապա իրենց հարցը պետք է այլ կոնտեքստում քննարկել», – նշեց Լավրովը:
Վերջինս նշեց, թե պարբերաբար բարձրացնում են հարցը, որ այս թեման եւս պետք է փակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: «Մենք ցանկանում ենք, որ բացի Կարմիր Խաչից, այլ միջազգային կազմակերպություններ ևս առաքելություն իրականացնեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է հետագայում թողնել, այդ հարցով պետք է զբաղվեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այդ հարցը կարող է արագ լուծվել այն դեպքում, երբ կատարվեն այն հայտարարությունները, որոնք եղել են հայկական եւ ադրբեջանական կողմից», – հավելեց Լավրովը:

Արմինե Գևորգյան