Բավ է պառակտվել
01-02-2022 20:33

Ադրբեջանը կարող է հզորացնել իր ռազմաօդային ուժերը թուրքական և վրացական հարվածային ինքնաթիռներով՝ ֆինանսավորելով արտադրությունը Վրաստանում․ Forbes

Ադրբեջանը տեսանելի ապագայում կարող է որոշել ուժեղացնել իր օդուժը Թուրքիայից և Վրաստանից ձեռքբերումների միջոցով։ Այս մասին ասվում է Forbes-ի հոդվածում։

Բաքվին կարող է ավելի շատ ինքնաթիռներ անհրաժեշտ լինել ռազմաօդային ուժերի համար, որը ներկայումս բաղկացած է մեկ տասնյակ ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչներից և մոտավորապես նույնքան Սու-25 հարվածային ինքնաթիռներից:

Ադրբեջանը կարող է ինքնաթիռներ ձեռք բերել, բայց ոչ պարտադիր՝ թանկարժեք, բարձր արդյունավետության ռեակտիվ կործանիչներ: Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը հսկայական գումարներ է ծախսել իր ռազմաօդային ուժերը արդիականացնելու համար, գնելով Ռուսաստանից չորս գերմանևրային Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչ, որոնք նույնիսկ չօգտագործվեցին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ՝ չնայած հանդիսանում էին Երևանի զինանոցի ամենաառաջադեմ և մարտունակ կործանիչները։

Փոխարենը Ադրբեջանը կարող էր գնել ուսումնավարժանքային ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել նաև որպես թեթև հարձակողական ինքնաթիռ։

Թուրքիան վերջերս գործարք կնքեց Նիգերիայի հետ իր տեղական արտադրության մի շարք TAI Hürkuş երկու տեղանոց տուրբապտուտակավոր ուսումնավարժական ինքնթիռների վաճառքի վերաբերյալ, ինչը դարձավ այս ոլորտում իր արտահանման առաջին փորձը:

«Մենք ականատես կլինենք կարևոր զարգացումների [Ադրբեջան ինքնաթիռների արտահանման հետ կապված]», - ավելի վաղ ասել էր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Հաջորդ օրը Hürkuş փորձնական թռիչք կատարեց Ադրբեջանում։

Բազային ուսումնավարժական ինքնաթիռ լինելուց բացի Hürkuş-ը կարող է նաև ռումբեր կրել և արձակել թուրքական խելացի միկրո զինամթերք (MAM)՝ նույն սպառազինությունը, որն օգտագործվում է իր Bayraktar անօդաչու թռչող սարքերում:

Հունվարին Թուրքիայի կառավարությունը հավանություն տվեց մեկ այլ հայրենական թեթև մարտական/ուսումնավարժական TAI Hürjet ինքնաթիռի զանգվածային արտադրությանը։ Ի տարբերություն Hürkuş-ի, Hürjet-ը կատարելագործված ռեակտիվ ուսումնավարժական ինքնաթիռ է, որը նման է Հարավային Կորեայի T-50 Golden Eagle-ին, ինքնաթիռ, որը հաճախորդներ է գրավել Ինդոնեզիայից մինչև Իրաք:

Ադրբեջանը նույնպես կարող է հետաքրքրվել Hürjet-ով, հոսքագծից ինքնաթիռի դուրս գալուն պես՝ իր օդային ուժերը հզորացնելու և նոր օդաչուներ պատրաստելու նպատակով:

Ադրբեջանն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել իր ռազմաօդային ուժերը նման թեթև ինքնաթիռներով համալրելու հարցում։ 2020 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկիրը Իտալիայից կգնի ժամանակակից M-346 ռեակտիվ ուսումնավարժանքային ինքնաթիռներ, որոնք կարող են հրթիռների հետ միասին նաև «խելացի» և ունիվերսալ ռումբեր կրել։

Ադրբեջանը շահագործում է նաև Սու-25: Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնել իր Frogfoots-ը, որպեսզի դրանք համատեղելի լինեն թուրքական և տեղական սպառազինության հետ, ներառյալ թուրքական SOM թևավոր հրթիռը, որն ունի մոտ 150 մղոն հեռահարություն, ինչը մեծացնում է ինքնաթիռի հնարավորությունները: Ինքնաթիռները համալրվել են նաև բելառուսական «Թալիսման» էլեկտրոնային բլոկերով, որոնք, ինչպես ենթադրվում է, բարձրացրեցին իրենց «կենսունակությունը» Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թուրքական սոցիալական ցանցերը լեցուն էին լուրերով, որ Թուրքիան ծրագրում է գնել Վրաստանում արտադրված 50 Սու-25, որտեղ գտնվում է Խորհրդային Միության տարիներին Frogfoot արտադրող Tbilisi Aircraft Industries-ը։ Թուրքական TRHabur-ում հրապարակված հոդվածը հերքեց այս լուրերը։ Այնուամենայնիվ, այս զեկույցում հիշատակվում է նաև ավիացիայի հետազոտող Թոլգա Օզբեկը, ում կարծիքով Թուրքիան Ադրբեջանի համար կարող է նոր վրացական Սու-25-ները զինել թուրքական արտադրության ավիացիոն տեխնիկայով և սպառազինությամբ:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է նաև, որ 2002 թվականին Բաքուն Վրաստանից Սու-25-ներ է գնել։

Վրաստանը հավակնոտ ծրագրեր ունի կառուցելու լիովին նոր Սու-25 առանց ռուսական բաղադրիչների, որը կոչվում է Ge-31 Bora: Bora-ի ֆյուզելյաժն ու թևերը կարտադրվեն Վրաստանում։ Բացի Bora-ն իր ռազմաօդային ուժերում ներառելուց, Վրաստանը հույս ունի արտահանել այդ ինքնաթիռը։ Անցյալ տարվա մարտ-ապրիլին երկիրը փորձնական թռիչքներ է իրականացրել իր արդիականացված Սու-25-ներով։ Այս արդիականացված Սու-25-ները «նախատեսված են ինչպես մարտական, այնպես էլ ուսումնական թռիչքների համար»։

Ինչպես արդեն նշել են վերլուծաբանները, Ge-31-ի արտադրությունը «հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Վրաստանը կարողանա զգալի ներդրումներ ներգրավել շահագրգիռ օտարերկրյա գործընկերներից»։

Մինչ Իսրայելն ու Ուկրաինան նշվում էին որպես ամենահավանական թեկնածուներ, Ադրբեջանը նույնպես կարող էր համապատասխան թեկնածու լինել։ Նա կարող է ֆինանսավորել նախագիծը և, հնարավոր է, նույնիսկ պայմանագիր կնքել Tbilisi Aircraft Industries-ի հետ՝ կառուցելու Ge-31 տարբերակ՝ իր պահանջներին համապատասխան, այսինքն՝ ինքնաթիռ, որը հեշտությամբ կարող է զինվել թուրքական արտադրության զինամթերքով և համակարգերով:

Նման պայմանավորվածությունը կարող է շահավետ լինել բոլոր մասնակիցների համար: Արդյունքում, դա Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կապահովի նորագույն գրոհային ինքնաթիռների նավատորմով, իսկ Վրաստանին՝ Ge-31 նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարով: Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը նույնպես կողջունի կովկասյան մերձավոր դաշնակցի համար սպառազինությունների ևս մեկ շահավետ գործարք:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել են ռազմական հարաբերությունները։ 2020 թվականի Արցախյան պատերազմին նախորդող ամիսներին, որում Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, թուրքական զենքի արտահանումը Բաքու ավելացել էր վեց անգամ։ Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործումն Ադրբեջանի կողմից շատ երկրներում հետաքրքրություն առաջացրեց ԱԹՍ-ների նկատմամբ։

Անցած տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ այցելեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք, որն Ադրբեջանը զավթեց պատերազմի ժամանակ։ Նրանք ստորագրեցին Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի համանուն հռչակագիրը, որում պարտավորվեցին ընդլայնել իրենց երկու երկրների միջև առանց այդ էլ լայնածավալ ռազմական համագործակցությունը։