Բավ է պառակտվել
31-03-2020 13:24

ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովում շարունակվեց արտահերթ նիստը: Քննարկվում էր Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այդ նախագիծը չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում։ Նա նշեց, որ արտակարդգ դրության պայմաններում այդ նախագծից օգտվելով՝ իրենց միայն հեռախոսակապերն են ֆիքսելու։
Նախարարի խոսքով` առաջարկվող նախագծով զանգի փաստն անհրաժեշտ է պոտենցիալ վարակակիրների շրջանակը պարզելու համար, իսկ տեղորոշումը, որպեսզի միմյանց հետ շատ շփվանց անձանց` պոտենցիալ վարակակիրների տեղանքը պարզելու համար: Եթե միմյանց հետ շփված անձինք նույն տեղանքում են եղել, ուրեմն հավանականությունը մեծ է, որ նրանք վարակվել են և միջոցներ է պետք ձեռնարկել նրանց մեկուսացնելու համար: Եթե միմյանց հետ շփված պոտենցիալ վարակակիրների տեղանքների միջև հեռավորությունը մեծ է, օրինակ` մի քաղաքից մեկ այլ քաղաք, ապա նրանց մեկուսացնելու կարիք չկա:
Բադասյանն անդրադարձավ ընդդիմադիրների այն քննադատություններին որ առաջարկն ուշացված է: Ըստ նրա` ավելի վաղ չէին կարող նման փոփոխություն հեղինակել, քանի որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպի, նման իրավունքների սահմանափակումը պետք է լինի վերջին միջոցը, այսինքն կանխարգելիչ բոլոր միջոցները պետք է սպառված լինեն:
Բադասյանը պնդեց, եթե վստահ չլիներ, որ այս փոփոխությունը կարող է կյանքեր փրկել, ապա կառավարությունը հետ կկանչեր նախագիծը:
Նախարարի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ են եղել, որոնց համաձայն բացառվել է հեռախոսազանգի ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, ինչպես նաև բացառվել է ապաանձնավորված տվյաները պահպանելու հնարավորությունը, իսկ հավաքագրված տվյալները արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց պետք է ոչնչացվեն այդ տվյալները:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը անդրադարձավ դեռ նախօրեից աղմկուկ բարձրացրած նախագծին` հավելելով, որ տարակարծություններ կային նաև պատգամավորների մոտ, այդ թվում` քաղաքական մեծամասնության: Պատգամավորն ընդգծեց` մարդու իրավունքների սահմանափակումն անթույլատրելի է, սակայն պետք է հաշվի առնել, որ այս փոփոխության առաջարկն արվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Բաղդասարյանի խոսքով` մարդու իրավունքների սահմանափակումը կարող է տեղի ունենալ, երբ ֆիքսված է սահմանափակման ժամկետը: Փոփոխություններով հստակեցվել է` արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց տվյալները ոչնչացվելու են: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Ռուստամ Բադասյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս սահմանափակումները վերաբերում են բացառապես արտակարգ դրությանը: «Արտակարգ դրությունից հետո որևէ սահմանափակում չի գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում: Օպերատորների մոտ տվյալները համատեղվում են մեկ միասնակական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո»,- ասաց նախարարը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց․որ Եթե իշխանությունները գնում են այսպիսի սահմանափակումների, ապա պետք է հստակորեն բացատրեն, թե ինչի համար։
«Երկրորդ ընթերցման ժամանակ պարոն Բադասյանը ներկայացրեց փոփոխությունները, որոնք փոփոխություն չեն, կոսմետիկ, թեթև շտկումներ են: Նա ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակը այնքան է սրվում, որ պետք է վերջին քայլը կատարել: Եթե վիճակը այդքան սրվել է, թող ասեն: Եվ հետո՝ որքանով է սա էֆեկտիվ»,- նշեց Արման Աբովյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ խմբակցությունն իր ողջ ներուժն օգտագործել է 24 ժամվա ընթացքում, իր խոսքով՝ այս կարևորագույն նախագիծն ուսումնասիրելու համար, և եկել է այն եզրակացության, որ նախագիծը բացարձակապես անընդունելի է:
«Սա կոնկրետ մարդու իրավունքների, անձնական կյանքի տիրույթ ներխուժելու շատ ցցուն օրենսդրական նախաձեռնություն է: Երբ Կորեայում նմանօրինակ նախագիծ էր ընդունվում, այնտեղ այդ ժամանակ կար ընդամենը 30 վարակված»,- նշեց Իվետա Տոնոյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում զարմացավ, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորները ջանասիրաբար պաշտպանում մի նախագիծ, որի վերաբերյալ իրենց առաջարկները մերժել է հեղինակը:
«Բա որ լավ բան էր, էդ ինչի՞ էիք մերժում: Հիմա մերժել են, էլ ի՞նչ ջանասիրությամբ եք հիմնավորում էս նախագծի ընդունումը, էն դեպքում, որ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահը երեկ ասաց, որ սա զրո ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի հարցում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վիրուսի տարածումն աննխադեպ արագ է տեղի ունենում, հետևաբար դրա կանխարգելումը պահանջում է նույնկերպ համաչափ արագ գործողություններ:
«Նախագիծը միտված է արագ գործողություններ ձեռնարկելուն, րոպեների ընթացքում տեղեկատվություն ստանալուն, որը հնարավորություն կտա կանխարգելել ու կյանքեր փրկել: Նախագիծը գաղտալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է փաստ՝ կապված հեռախոսազանգի ու կոնտակտի հետ: Տվյալները մեր առաջարկով ամբողջությամբ վերացվելու են և այդ վերացնելու գործընթացին հետևելու է վերահսկողություն իրականացնող մարմինը՝ Ազգային ժողովը՝ բոլոր խմբացություններով միաժամանակ»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք,որ նախագծով հավաքվելու են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ՝ հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարները, զանգի ժամի տվյալները և այլն: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, անձանց վարակվածությունը ստուգելու համար հավաքագրվող տվյալների, անձի հետազոտություն անցնելու մասին տվյալներ:
Փաթեթը մերժվեց 65 ձայներով:
Մակունցը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով արեց ամեն ինչ, որպեսզի բուժհամակարգի գործունեությունը պարալիզացվի:

 

 

Արմինե Գևորգյան