Բավ է պառակտվել
01-09-2018 15:49

Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին․խա՞յթ Ռուսաստանի համար, թե՞ պատիժ՝ Հայաստանի

Հայաստանը թույլ չի տանի Ադրբեջանի անդամակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այսպես կարելի է վերաձևակերպել Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակի ժ․պ․Աննա Նաղդալյանի հայտարարությունն օգստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ։

“Հայաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է․ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի դիտարկման դեպքում Հայաստանը կօգտվի վետօյի իր իրավունքից”,- նշել է Նաղդալյանը, հիշեցնելով, որ այդ կազմակերպությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսունսի սկզբունքով։

Ընդ որում, նա նկատել է, որ այս թեմայի շուրջ խոսակցությունները, որոնք մեծամասնությամբ հիմնված են ենթադրյալ տեղեկությունների վրա, ընթանում են վերլուծական տարբեր շրջաններում։

Սակայն այս խոսակցությունները վարվում են ոչ միայն փորձագետների , ինչպես պնդում են հայկական արտաքին քաղաքականության գերատեսչությունում, այլև՝ պաշտոնական անձանց մակարդակով։

Խնդրի նպատակահարմարության մասին էր հայտարարել ռուս-ադրբեջանական միջխորհրդարանային համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի միլի մեջլիսի իրավական հարցերի և պետշինարարության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնին։ “Կարծում եմ, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է անգամ քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը”,-ասել է նա։ “Այս կազմակերպությունում ներկայությունը Բաքվին թույլ կտա ոչ միայն հետևել այնտեղ ընթացող գործընթացներին, այլ նաև ազդել դրանց վրա։ Կարելի է սկսել այդ կազմակերպությունում դիտորդ-երկրի կարգավիճակից”, - նշել է նա։

Հուսեյնլիի կարծիքով, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դեպքում ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար կվերածվի այդ կազմակերպության մասնակից երկու գործընկերների հակամարտության, ինչը հիմք կտա նրան ակտիվացնել դրա հանգուցալուծմանն ուղղված իր միջնորդական ջանքերը Կազմակերպության կանոնադրության համաձայն նրա անդամները համատեղ ջանքեր են գործադրում փոխադարձ անվտանգությունն ապհովելու համար, բայց իրականում, երբ խոսքը գնում է երկու հակամարտող կողմերի մասին՝ սա դժվար է պատկերացնել։

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը, մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության դիրքորոշումը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ։ “Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ, ՀԱՊԿ այլ անդամ-պետություններ էլ կան”,- ասել է նա։
Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության մասին խոսակցությունները հաճախացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման ֆոնին՝ Հայաստանում “թավշյա հեղափոխությունից” և վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Կրակի վրա յուղ լցրեցին նաև ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքները՝ 2008 թ․ մարտին Երևանում զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում, երբ վերջինս Հայաստանի ՆԶ մայրաքաղաքի կայազորի հրամանատարն էր։ Հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր ներկայացրել Խաչատուրովին և դիմել դատարան՝ ձերբակալությունը որպես խափանման միջոց կիրառելու հարցով։ Անձամբ գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ ներկայացված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչում։ Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել Խաչատուրովին 5մլն դրամի (10 հազ դոլար) գրավի դիմաց, որից հետո գլխավոր քարտուղարն անմիջապես մեկնել էր Մոսկվա։ Այնուամնեայնիվ, Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, որին հաջորդել էին քննակումներ՝ կազմակերպության տարբեր հարթակներում։
Աղմկահարույց գործն առաջ էր բերել Մոսկվայի բացասական արձագանքը։ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ իրադարձությունները Հակաստանում հակասում են երկրի նոր իշխանությունների հայտարարություններին՝ իրենց քաղաքական նախորդների քաղաքական հետապնդումներից հրաժարվելու մասին։ “Վերջին օրերի իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր իշխանությունների վերջին հայտարարություններին այն մասին, որ նրանք մտադիր չեն քաղաքական մոտիվներով հետապնդումներ կազմակերպել իրենց նախորդների դեմ”, - ասել էր նախարարը։ Փորձագետների մակարդակով մեղադրանքներ են հնչել այն մասին, որ Երևանը փորձում է գլխատել և վարկաբեկել ՀԱՊԿ-ը։

Փորձագետները գտնում են, որ Մոսկվայի աչքերում Երևանի դիրքերի թուլացումից հետո Բաքուն որոշել է օգտագործել իրավիճակը եւ փորձել հիմք գտնել ՀԱՊԿ-ին անդամակցելու համար։

“Մոսկովսկի կոմսոմոլեց” թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրին, տեղեկացրել է, որ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության թեման “մեծ խաղի” մի մաս է, սակայն դժվար թե իրականություն դառնա։ “Մոսկվան կարող է օգտագործել այս հարցը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այսինքն՝ եթե ձեզ վատ պահեք, ձեզ կհեռացնենք ՀԱՊԿ-ից և կընդունենք Ադրբեջանին։ Սակայն իրականում դա անհնար է։ Հնարավոր չէ թողնել Հայաստանը և ընդունել Բաքվին։ ՀԱՊԿ-ը կվերածվի մի անհասկանալի բանի, մի կազմակերպության, որտեղ բաց առճակատում գոյություն ունի նրա երկու անդամների մեջ։ Բացի այդ, այս հարցը կսկսի անցնել կիրառական հարթություն։ Հայաստանն Ադրբեջանի անդամակցության դիմաց այնպիսի ֆանտաստիկ պայմաններ առաջ կքաշի, որոնք բացարձակապես անընդունելի կլինեն Բաքվի համար։ Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական։ Տրանսպորտային հոսքերում Հայաստանի մասնակցություն, Լեռնային Ղարաբաղի ճանաչում և այլն։ Այսինքն այն, ինչին Ադրբեջանն, ինչպես և Թուրքիան, երբեք չի կարող գնալ։”,- նշել է աղբյուրը։

Սակայն եթե Ադրբեջանին ՀԱՊԿ անդամակցություն չի սպասում՝ երկիրը կարող է կառույցում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ, պնդում են Բաքվում։ Առավել ևս, որ ի սկզբանե Ադրբեջանը հինգ տարիների ընթացքում հանդիսացել է ՀԱՊԿ նախորդող ռազմական բլոկի անդամ։ Հատկանաշական է, որ օգոստոսի կեսերին Մոսկվայում կազմակերպության քարտուղարությունում
խորհրդակցութնուններ էին անցկացվել ՀԱՊԿ անդամ-պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ կազմակերպության դիտորդների և գործընկերների կարգավիճակի իրավական ձևակերպման փաստաթղթերի փաթեթի համաձայնեցման շուրջ։ Սակայն այստեղ մի հակասություն կա․անդամ-երկրների հետ դիվանագիտական հարաբերություննների բացակայության պարագայում պետությունը չի կարող ՀԱՊԿ դիտորդի կամ գորընկերոջ կարգավիճակ ստանալ։

Այն մասին, թե իրադարձությունների ինչպիսի զարգացում կարելի է ակնկալել այս քաղաքական հանատեքստում Gisher.news -ին տրված իր հարցազրույցում
պատմել է քաղաքագետ, Փարիզյան համալսարանի (Սորբոն) քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։

- Ձեր կարծիքով՝ կա՞ արդյոք իրական հնարավորություն, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ-երկիր, թե՞ հայտարարությունները զուտ դեկլարատիվ բնույթ են կրում։ Ի՞նչ նպատակ կարող է հետապնդել Բաքուն նման տեղեկատվություն տարածելիս։

- Հնարավորություն ամեն ինչի և միշտ կա: Տվյալ դեպքում և տվյալ ժամանակահատվածում՝ դա գրեթե անհնար է: Երևանը հայտարարել է, որ վետո է դնելու անդամակցության վրա, եթե այն իրական հարությունում քննարկվի: Բայց Ադրբեջանի նպատակն, իհարկե և անշուշտ, ՀԱՊԿ-ին անդամակցությունը չէ: Ինքնին աբսուրդ է Հայաստանի հետ ռազմական դաշինքում լինելու գաղափարը: Բայց դա ակնարկ-խայծ է՝ ուղղված Մոսկվային: Ադրբեջանի ղեկավարությունը, ի տարբերություն Հայաստանի նախկին իշխանությունների՝ իմաստուն արտաքին քաղաքականություն է վարել և պահպանել է ցանկալի և ձգտելի դաշնակից լինելու խայծը, որն էլ հիմա օգտագործում է:

- Չնայած, որ Հայաստանն արդեն հայտարարել է, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրակարգում հայտնվի Ադրբեջանի անդամակցության հարցը, ռուսաստանյան շատ քաղաքագետներ չեն բացառում, որ որոշումը, այնուամենայնիվ, կարող է ընդունվել։ Կա՞ արդյոք հնարավորություն, որ որոշումը կկայացվի առանց Երևանի դիրքորոշումը հաշվի առնելու։

- Չեմ կարծում թե կա: Բայց, դարձյալ, ամեն բան հնարավոր է: Այդ պատճառով՝ բոլոր սցենարները հաշվարկելու և կանխարգելելու նպատակով Հայաստանը պետք է առանձին նոր դաշնակիցներ փնտրի աշխարհում: Այդ դանակիցները պետք է լինեն զուգահեռ դաշնակիցներ և չփոխարինեն արդեն առկաներին: Եվ խոսքը գնում է այն երկրների մասին, որոնք տեսականորեն շահագրգռված են թյուրքական տարրի աշխարհում ազդեցության չավելացմամբ կամ թուլացմամբ: Տարբեր կոնֆիգուրացիաներ կան, որոնց մասին երբևէ Երևանում չեն մտածել: Հիմա ժամանակն է սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Ընդ որում դրանք խաղացողներ են, որոնք Հայաստանի դաշնակից Ռուսաստանին՝ Հայաստանի հետ իրենց հնարավոր համագործակցությամբ չեն գրգռելու, թեև՝ խանդի հիմք կարող են տալ:

- Հնչում են նաև կարծիքներ, որ Ադրբեջանը կարող է դառնալ գործընկեր կամ դիտորդ-երկիր։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հեռանկարը։ Ի՞նչ կտա դա Բաքվին և ՀԱՊԿ-ին։

Այդ բոլոր սխեմաները Հայաստանին լուսանցք մղելու և Հայաստանի դեմ արդյունավետ պատերազմ վարելուն են ուղղված: Եվ Հայաստանն ամեն կերպ պետք է արգելի այդ քայլերը: Ակնհայտ է, որ հայ-ռուսական որոշակի թյուրըմբռնումների ֆոնին Ադրբեջանում փորձում են իրենց համար ցանկալի ելք ապահովել: Դա վտանգավոր սցենար է: Հայաստանում հստակ հասկանում են, որ հայ-ռուսական լարվածության պարագայում Երևանը կարող է քաղաքական կորուստներ ունենալ և լարվածություն թույլ չտալու ուղղությամբ որոշակի քայլեր են կատարում: Վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանի հրաժարականը ես այդ համատեքստում եմ նաև տեսնում, թեև դա ոչ միայն ռուսական կողմի, այլև՝ իմ կարծիքով միջազգային այլ խոշոր և կարևոր խաղացողների հետ հարաբերությունների վատացումը կանխելու մղմամբ էր նաև պայմանավորված:

- Ռուսական լրատվամիջոցներում այս հարցը բարձրացնելիս կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը կարող է իր հերթին որոշակի պահանջներ առաջ քաշել, այդ թվում տնտեսական բլոկադայի վերացում Ադրբեջանի կողմից։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի համար կարո՞ղ են ստեղծվել բարենպաստ պայմաններ այս պարագայում։

Դրանք անհեթեթությունների դաշտից են և հնարավոր են միայն մի միջավայրում, որտեղ Հայաստանի համար առկա գոյութենական սպառնալիքին նայում են միայն սեփական տնտեսական շահերի տեսանկյունից: Հայաստանը չի կարող և չպետք է Ադրբեջանի հետ որևէ առևտուրի մեջ մտնի: Բաքուն միայն մեկ իրական նպատակ ունի - գրավել Երևանը և իր համար կարևոր չէ դա այսօր կլինի, վաղը թե հարյուր տարի անց: Իրենց և ոչ միայն իրենց ազգային նպատակն է դա ու գաղափարախոսության առանցքը, որի վրա է պահվում ողջ ադրբեջանական հանրությունը: Ներադրբեջանական այլ ազգությունների ասիմիլիացիան անգամ այդ գաղափարի օգնությամբ է առաջ տարվում: Այնպես որ բանակցություններ, զիջումներ, փոխզիջումներ կամ ասենք այս պարագայում միջազգային կազմակերպությունների շրջանակներում ինչ-որ գործարքները մշտապես անօգուտ են լինելու: Հուսով եմ, որ Երևանում նոր կառավարությունը դա հստակ պատկերացնում է: Հայաստանը միայն մեկ պատասխան պետք է ունենա Ադրբեջանի որևէ և յուրաքանչյուր կառույցի անդամակցությանը. ոչ, ոչ և դարձյալ ոչ: Ու տրվել կեղծ քաղաքագիտական վերլուծությունների չի կարելի: Դա մի դաշտ է, որտեղ Հայաստանի համար թակարդներ են լարված և ականներ տեղադրված: