Բավ է պառակտվել
02-11-2022 19:51

Մինսկը պատասխանել է Երևանին ՀԱՊԿ-ի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունից հետո. «Հայաստանի ԱԳՆ-ն շատ ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Մինսկում նախօրեին կայացած հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը մեծ հնչեղություն է ստացել։ Դրան արձագանքել են հայ փորձագետներն ու քաղաքական գործիչները։ Չորեքշաբթի օրը հայտարարությանն արձագանքել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ Դրան հաջորդել է Բելառուսի ԱԳՆ-ի մեկնաբանությունը։

Ի՞նչ է ասել Լուկաշենկոն

Լուկաշենկոն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը բավարար է, վրդովվել է «ՀԱՊԿ-ին ներգրավելու» փորձերից։

«Պատերազմն ավարտվեց... Կողմերը հասկացան, որ իրենց, կոպիտ ասած, միջնորդ է պետք։ Սա նորմալ է, դասական մոտեցում։ Բնականաբար, դա Ռուսաստանն է։ Դիմեցին Ռուսաստանին, Ռուսաստանն այնտեղ հարյուրավոր մարդկանց ուղարկեց։ Հիշում ենք` ինչպես էին ինքնաթիռները մեկնում։ ՌԴ սահմանապահները, ինչպես ասաց Պուտինը, սահմանի բոլոր հատվածներում են` և Թուրքիայի, Իրանի հետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև և այլն։ Ուրիշ ի՞նչ է պետք։ Թող այդ ուղղությամբ էլ գործեն», – ասել է Լուկաշենկոն։

Ի՞նչ է ասել Հայաստանի ԱԳՆ-ն

Հայաստանի ԱԳՆ-ն տեղին չի համարել մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հախուռն և ոչ դաշնակցային հայտարարությունները։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը։

«Տեղին չենք համարում մեկնաբանել Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորություններն»,- ասել է Հունանյանը։

Ի՞նչ է պատասխանել Բելառուսի ԱԳՆ-ն

Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Լուկաշենկոյի մոտեցումը հիմնված է իրականության վրա, հասկանալի է և ազնիվ` դաշնակցի տեսանկյունից։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել։ Իր դաշնակցային պարտավորություններին Բելառուսը հավատարիմ է ոչ թե խոսքով, այլ գործով, որը հաստատում է իր ողջ պատմության ընթացքում», - նշել է Գլազը։

Նա շեշտել է, որ «Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները ոչ թե կտրված են, այլ, ընդհակառակը, հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի ու ազնիվ»։

«Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ զգալի ջանքեր գործադրելով բոլոր հասանելի ձևաչափերում՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ», - հավելել է մամուլի քարտուղարը: