Գնա ընտրության
21-05-2026 18:21

Նախիջևանի «Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսը չի նպաստում խաղաղությանը. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով երրորդ փառատոն-կոնգրեսին՝ ընդգծելով, որ նման օրակարգը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։

Լրագրողների հետ զրույցում Միրզոյանը հստակեցրել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը և դրա հովանավորումը Ադրբեջանի պետական կառույցների կողմից անհամատեղելի են այն մեծ խաղաղության գործընթացի հետ, որը Հայաստանը և Ադրբեջանը նախաձեռնել են՝ հիմնված բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ «Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- հայտարարել է նախարարը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջոցառումը նախատեսված է հունիսի 18-19-ին Օրդուբադում։ Այն կազմակերպվում է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ ջանքերով։ Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին» թեմայով՝ գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների կողմից։

Պատասխանելով հարցին, թե արդյոք այս հարցը կքննարկվի Ադրբեջանի նախագահի հետ, Միրզոյանը նշել է, որ այն կբարձրացվի ադրբեջանցի գործընկերների հետ զրույցներում։ Հարցին, թե արդյոք նման միջոցառումը վտանգում է խաղաղությունը, արտգործնախարարը պատասխանել է. «Գիտեք, այդպես չէի ձևակերպի, ես կասեի՝ իսկապես, չի տեղավորվում խաղաղության այն մեծ տեսլականի մեջ, որը քանի անգամ միասին ենք նաև վերահաստատել մեր հանձնառությունը»։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի նման օրակարգը «առնվազն չի նպաստում խաղաղությանը»։

Երևանը բազմիցս հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով որևէ քննարկում բացառվում է։

Կարապետյան. Ութ տարի՝ ոչ մի ծիրան ԵՄ չի արտահանվել. Կառավարությունն անկարող է աջակցել արտահանմանը
Սամվել Կարապետյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագիրը (տեսանյութ)
Պուտինը բացահայտում է Հայաստանի ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքները (տեսանյութ)
Նոր աղմկահարույց ձայնագրություն Մարտունուց. Թաթոյանը բացահայտել է ՔՊ-ականների սպառնալիքները
Քոչարյան. Փաշինյանը ընտրություններից հետո կփախչի Հայաստանից, մենք նրան կվերադարձնենք (տեսանյութ)