Բավ է պառակտվել
31-08-2020 23:58

Խոստացել էին նոր ավտոբուսներ, բայց բերելու են գազելներ․Դավիթ Խաժակյան

Այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը,խոսելով Երևանի նոր տրանսպորտային ցանցի մասին:
Վերջիսն տեղեկացրեց, որ նոր տրանսպորտային համակարգում նախատեսված են 3 չափի ավտոբուսներ, որոնցից ամենամեծը՝ 18 մետրանոց է՝ 150 ուղևորով, 2-րդ չափը՝ 12 մետրանոց՝ 90-100 ուղևորով, երրորդ չափը, որը կոչվում է միջին չափի, 7,5-8,5 մետր տեղատարողությամբ՝ 45-55 ուղևորով:
Նոր տրանսպորտային համակարգում, որը նախագծվել է WYG կազմակերպության կողմից, ընդունել է քաղաքապետարանը և վերջնական վճարումներ է կատարել, այսինքն՝ պարտք ու պահանջները փակել է գործող քաղաքային իշխանությունը, ընդունվել է հենց այսպիսի տրանսպորտային ցանց։
«Չորս միկրոավտոբուսները, որ կային մեր տրանսպորտային ցանցում, փոխարինվում են մեկ միջին չափի ավտոբուսով,— հրատապ հրավիրված ասուլիսում ասաց Դավիթ Խաժակյանը։
Ավագանու անդամը անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի կողմից ապրիլին և հուլիսին հայտարարած մրցույթներին։ Ապրիլին մրցույթ էր հայտարարվել 12-մետրանոց 100 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։ Մրցույթը պետք է հայտարարվեր դեռ փետրվարին, իսկ 2020 թվականի աշնանը նախատեսվում էր ավտոբուսների նոր խմբաքանակ բերել, սակայն կորոնավիրուսի համավարակն իր շտկումներն արեց։

Ըստ նրա՝ իրականում քաղաքային իշխանությունները երկրորդ մրցույթի շրջանակում մտադիր են ոչ թե փոքր չափի ավտոբուսներ ձեռք բերել, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, այլ «Գազելներ»։ Նա նման եզրահանգման է եկել ուսումնասիրելով այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն մրցույթի շրջանակում ընդգրկված ավտոբուսները։

Ավելին, Խաժակյանը ընդգծեց, որ քաղաքային իշխանությունները, մասնավորապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անհետևողական են եղել նաև «Գազելների» շահագործման առումով։
«15 տարուց մեծ  «Գազելները» մինչ օրս շահագործվում են։ Իշխանությունները վախենում են տրանսպորտային կոլափսից, դա է պատճառը, որ այդ մեքենաները դեռ գործում են», – նշեց Խաժակյանը։

Որպես հիշեցում՝ ավագանու անդամը տեսանյութեր էր պատրաստել, որոնցով հաստատեց ասվածի ճշմարտացիությունը՝ քաղաքային իշխանությունը ժամանակին հայտարարել է «վերջ մահվան գազելներին», նոր ավտոբուսներ, նոր ցանց, մինչդեռ քաղաքապետարանը հստակ գնում է գազելների պատվիրման ճանապարհով։
Դավիթ Խաժակյանը ընդգծեց՝ ասուլիսի օրը հատուկ է ընտրված, քանի որ այսօր բացվում է այն մրցույթը, որի մասին ոչ վաղ անցյալում խոսել Է Հայկ Մարությանը՝ 100 փոքր ծավալի ավտոբուսների մասին։ Վերջինս ընթերցում է այն բոլոր չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեն նոր ձեռք բերվող ավտոբուսները։
Հաշվի առնելով հրապարակված պարամետրերը՝ իշխանությունների նպատակը ի սկզբանե եղել է գազելների գնումը՝ պնդեց Խաժակյանը, քանի որ քաղաքապետարանի կողմից մրցույթին ներկայացված պահանջները համապատասխանում են միայն գազելներին, այսինքն մրցույթում կարող են հաղթել միայն գազելները։ Ստացվում է, որ հին գազելներին փոխարինելու են նորերը։
«Խոստացան ավտոբուսներ, բերելու են գազելներ»,- եզրափակեց Խաժակյանը։

 

 

Արմինե Գևորգյան