Բավ է պառակտվել
14-01-2021 19:46

«Միանշանակ համաձայն եմ ՌԴ համանախագահ Պոպովի հետ»․ Արա Այվազյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ պարզաբանելով Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձավ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը:

Նախարարը նշեց, որ ժամանակին Հայաստանը համաձայնություն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը:
«Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է,իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը։ Սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ կարգավիճակի հարցը», - ասաց նախարարը։

Արա Այվազյանի խոսքով Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա, ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից համաձայնություն էր տրվել շարունակելու բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ:
Հարցին՝ արդյոք Պոպովի հայտարարությունը չի՞ հակասում վարչապետի հոդվածին, Այվազյանը հորդորեց ավելի ուշադիր կարդալ։ «Ուշադի՛ր կարդացեք՝ ի՛նչ է գրել վարչապետը, և ի՛նչ է ասել Պոպովը: Մեզ համար կարգավիճակի հարցը եղել և մնում է հակամարտության կարգավորման հիմնարար տարրը»:

Նախարար անդրադարձավ նաև գերիների վերադարձի խնդրին: Նա նշեց, որ վարչապետը հունվարի 11-ին և՛ եռակողմ, և՛ երկկողմ ձևաչափերում անդրադարձել է գերիների խնդրին, և այն մեզ համար առաջնային խնդիր է:

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն նույնպես յուրաքանչյուր առիթն օգտագործում է, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվեն խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման պետք է վստահության մթնոլորտ ձևավորել: Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունը կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները, դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»,- ասել է Այվազյանը՝ կոչ անելով վստահել իրենց ջանքերին: Նախարարը հույս է հայտնել, որ այդ հարցը կստանա իր դրական լուծումը:

Արմինե Գևորգյան