Բավ է պառակտվել
20-03-2019 21:52

Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտու Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Gisher.News-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։

“Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար”,- ասվել է ուղերձում:

Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Տոկաևի հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ։

“Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և վերելքներ՝ ի նպաստ Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարօրության»,– ասվել է շնորհավորանքում։