Բավ է պառակտվել
20-07-2022 18:42

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային հաղորդակցության հարցում կոնսենսուս չկա. փոխվարչապետի գրասենյակ

Այս պահին կարելի է խոսել միայն Երասխ-Հորադիզ երկաթուղու շուրջ կոնսենսուսի մասին, որն անցնելու է խորհրդային ժամանակաշրջանի երկաթգծի ուղիով, իսկ ճանապարհների հարցում վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։

Այս մասին ասել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակում՝ ի պատասխան հարցին, թե Հայաստանն ու Ադրբեջանը ո՞ր տարածքների մասով են մոտեցրել դիրքորոշումները։։

Դեռևս հունիսին Գրիգորյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ։

Հարցին՝ արդյոք ՀՀ տարածքով անցնող Ադրբեջանի ավտոտրանսպորտային և երկաթուղային միջոցները ստուգվելու՞ են Հայաստանի կողմից՝ օրինակ ի՞նչ բեռներ են տեղափոխվում, ինչպես նաև Ադրբեջանը կատարելու՞ է մաքսային վճարումներ, թե՞ ոչ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը պատասխանել է․ «Մաքսային, սահմանային և հսկողական այլ գործառույթներն իրականացվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,-և հավելել, որ բեռների փոխադրման հետ կապված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների հարցերը ևս կարգավորվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Երկաթուղու վերականգնման նախագծի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ-ը, այդ աշխատանքների արժեքը գնահատվում է մոտ 200 մլն դոլար։

Այդ երկաթգծով Հայաստանը ելք կունենա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կունենա Նախիջևանի (Ադրբեջանի էքսկլավ) հետ։

Երասխը բնակավայր է Երևանին հարող ՀՀ Արարատի մարզի ծայրամասում, Մեղրին քաղաք է Սյունիքում (Հայաստանի հարավում, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին)։ Նշված մնացած բնակավայրերը՝ Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ, քաղաքներ են Ադրբեջանում։