Բավ է պառակտվել
17-06-2020 11:45

ԲՀԿ–ն բոյկոտեց ԱԺ նիստը

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդես եկավ հայտարությամբ։ «Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Սա ճանապարհ չէ: Սա Հայաստանը դեպի փակուղի տանող ճանապարհ է: Խորհրդարանական մեծամասնությունը վստահաբար դեմ է եղել իրեն պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն մենք պայքարելու ենք Հայաստանում իրական ժողովրդավարական արժեքների և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար»։,–ասաց Աբովյանը։
Նա նշեց նաև, որ երեկ` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար` իշխանության կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հետ։ Աբովյանը ընդգծեց, որ հաշվի առնելով երեկ տեղի ունեցած «քաղաքական բեսպրիդելը»` ԲՀԿ–ն բոյկոտում է նիստն ու լքում դահլիճը։
Դրանից հետո ԲՀԿ–ական բոլոր պատգամավորները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը 87 կողմ ձայներով անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին եւ համաձայնություն տվեց նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին:

 

 

Արմինե Գևորգյան