Բավ է պառակտվել
11-01-2021 15:42

Պուտինն առաջարկել է Փաշինյանին և Ալիևին հստակեցնել ռուս խաղաղապահ զորախմբի կարգավիճակը Ղարաբաղում

Ստեղծվում են ամուր հիմքեր երկարաժամկետ և լիաֆորմատ լուծում տալու հակամարտությանն՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը:

Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացվում են։

Նա համոզված է, որ դա ամուր հիմքեր է ստեղծում հնացած հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, որը բխում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից։

Պուտինը հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար հակամարտության գոտում տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ, ստեղծվել են հրադադարի պահպանման համակարգեր: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործում է 23 դիտակետ:

«Կարծում եմ՝ այսօր կարևոր կլիներ, եթե նախանշվեին անցած տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված՝ կարգավորման հանգուցային ուղղությունների հետագա քայլերը: Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի, դեմարկացիոն գծերի ճշտման, հումանիտար խնդիրների լուծման և մշակութային ժառանգության կոթողների պաշտպանության հարցերը», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Ղարաբաղի շուրջ իրավիճակն, ինչպես նաև գերիների վերադարձի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը: Փաշինյանի ընդդիմադիրները կարծում են, որ հանդիպմանը կստորագրվի Հայաստանի շահերը ոտնահարող որոշակի փաստաթուղթ։

Ավելի վաղ Gisher.News-ը գրել էր, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «Նիկոլ-թուրք» կարգախոսով: