Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 3-ին, այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9 օր շարունակում է կանգնած մնալ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 21 բեռնատարով:
Մեքենանրը կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելել է նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարության կողմից ուղարկված 19 բեռնատարներին ավելացել է «Գրանդ Քենդի» ընկերության ևս երկու բեռնատար՝ քաղցրավենիքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին տեղում ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև լրագրողներին է դիմել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն և ընթերցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծագած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել, և այսօր առավոտյան՝ ժամը հինգին հրապարակվել: Ակնկալում ենք, որ այն հայտարարությունը, որը հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասել է նա։
Բավ է պառակտվել