Բավ է պառակտվել
19-02-2021 16:56

Փաշինյանի այցերը մարզեր «բեմադրություններ» են․ Հովհաննես Սահակյան

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։ Մասնավորապես քաղաքական շրջանակներում քննարկման թեմա դարձած հետեւյալ հարցը,որ բանակցում էինք 5+2 ձևաչափի շուրջ, հետևաբար ինչո՞ւ էին ներդրում անում այն 7 շրջաններում, որոնք այդ ձևաչափի ընդունման դեպքում հանձնվելու էին Ադրբեջանին:

Սահակյանը պնդեց, որ այս հարցադրման հեղինակներն ուղղակի քաղաքական օրակարգում մնալու խնդիր ունեն:

«Դա անհեթեթություն է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին բազմիցս նշել է, որ բանակցում ենք «5+2», և անընդհատ նշել է, որ մենք պետք է խնդիրը դիտարկենք փոխզիջումների տեսանկյունից: Ինչի՞ մասին ենք մենք խոսում, եթե փոխզիջման հակառակ կողմն Արցախի կարգավիճակն էր և ցամաքային անխափան երկու կողմից ճանապարհն էր՝ Քարվաճառով եւ Լաչինով: Իսկ այդ ճանապարհներն ամբողջությամբ պետք է լինեին մեր զինված ուժերի վերահսկողության ներքո, երբ պետք է մի ամբողջ սերունդ չգլխատվեր, 5 հազարից ավելի զոհ չունենայինք, 10 հազարից ավելի վիրավոր եւ հաշմանդամ չունենայինք, գլխատված բանակ ու պետություն չունենայինք: Մեր զինվորը կանգնած էր Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Քարվաճառում, Աղդամում, Ասկերանում, մենք ի՞նչ է՝ այնտեղ կոմունիկացիոն ոչ մի շինարարական աշխատանքներ չպե՞տք է անեինք, տարրական պայմաններ չպե՞տք է ապահովեինք զինվորների համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով Փաշինյանի ավելի վաղ արած պնդմանը, թե «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր», Հովհաննես Սահակյանն ասաց` մեկ անգամ այդ քաղաքում եղած մարդը չէր կարող նման որակում տալ. «Շուշին դրախտավայր էր, այն ներդրումները, որոնք Շուշիում են եղել, նույնիսկ Ստեփանակերտում չեն եղել:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վերջին մարզային այցելություններին եւ դրանց ընթացքում հնչած հայտարարություններին: Բանախոսի գնահատմամբ, այդ «բեմադրությունները» մեկ նպատակ ունեն` ցույց տալ, թե Փաշինյանը դեռ վստահություն ունի ժողովրդի շրջանում.

Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք նախաձեռնում են իրենք, և ըստ տեղեկությունների՝ անցողիկ շեմը դարձնում են 4 տոկոս, դա վկայում է, որ նրանք մտավախություն ունեն, որ 5 տոկոսը չեն հաղթահարելու»:

ՀՀԿ խորհրդի անդամն ահազանգում է`եթե գործող իշխանությունը մնա իշխանության ղեկին, ապա կորցնելու ենք Սյունիքն ամբողջությամբ. «Առավոտյան լսում էի Դավիթ Բեկ գյուղի ղեկավարին, ասում է՝ 20 երեխա դպրոցից բացակայում են, 5 ընտանիք գյուղը լքել է, որովհետեւ նրանք հասկանում են, որ, եթե թուրքը 50 մետր կամ 1 կմ հեռավորության վրա է, երբ հանկարծ որոշենք, որ պետք է գիշերային օպերացիա անեն եւ այդ մարդկանց իրենց տանը գլխատեն, ոչ մեկն իրենց չի պաշտպանելու»: Իսկ գործող իշխանությունը չի հեռանում, քանի որ, ըստ Հովհաննես Սահակյանի, վախենում են քրեական պատասխանատվությունից: