Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս մասին ասվում է ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարելիցի կապակցությամբ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
«Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
«Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները»,- ասված է հայտարարությունում։
Գերատեսչությունն ակնկալում է, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը: