Բավ է պառակտվել
17-12-2019 18:00

«Վարչապետի ուշացած հայտարարությունը ավելի շատ արդարացում էր»․ Անի Սամսոնյան

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ․“Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն է տվել և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա։ Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլ է տեղի ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ էղավ”:
Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց վարչապետը չափազանց կոշտ գնահատականներ հնչեցրեց պետական կառավարման համակարգի հասցեին։
Վարչապետի այս հայտարությունը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ Համացանցը քննարկում, վերլուծում ու մեկնաբանում էր այն։ Ոմանց կարծիքով տեղին էր, ոմանք էլ ասում էին՝ ուշացած էր։ Ուշացած էր զուտ այն պատճառով, որ այդ նույն պետական համակարգի նախարարները նշանակվել են հենց վարչապետի կողմից, հետևաբար համակարգային փոփոխությունը պետք է լիներ իսկզբանե։
“Իմ քայլը” խմբացություն պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է, որ խնդիրը վաղուց կար և մատնանշում․պետական համակարգի հատկապես միջին օղակում աշխատողները առանձնապես կողմ չէին այն փոփոխություններին, որոնք իրականացրել է հեղափոխական իշխանությունը։
Մարդիկ չեն կարող նույն ծավալով աշխատել ու ստանալ նույն գումարն, առանց այն լրացուցիչի, որին սովոր են։ Բնականաբար, ընդվզում կարելի էր անկնկալել։
“Լուսավոր Հայաստան” խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է, որ այս հայտարությունը ուշացած էր, քանի որ Փաշինյանը ունեցել է ժամանակավոր կառավարություն, որից հետո ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն, ու արդեն մեկ տարի է ամբողջական իշխանությունը պատկանում է իրենց, հետևաբար լայն հնարավորություն ունեին պետական համակարգը բարեփոխելու։
“Իսկ վարչապետի այս ուշացած հայտարարությունն ավելի շատ արդարացում է կառավարություն կողմից գործադրված ջանքերի դանդաղկոտության, քան թե չոր փաստի արձանագրում։ Հին համակարգով բարեփոխումներ անել չես կարող, պետք էր ճիշտ թիրախներ դնել, որ համակարգը կարողանար ճիշտ արձագանքել հեղափոխության նպատակներին”,–ասաց Անի Սամսոնյանը։
Ուշացած էր, թե՞ ոչ։ ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանը դեռ ամիսներ առաջ էր մատնանշել ու բարձրաձայնել կադրային խնդիրների մասին, քանի որ պետական համակարգում առկա է լուրջ ճգնաժամ։
“Իրականում լուրջ մտածելու հարց կա, եթե չկա համակարգված աշխատանք, չկան ոլորտի խնդիրներին տիրապետող անձիք, ապա տնտեսության զարգացումը դանդաղելու է, որևէ իրական լուրջ հաջողությունների չենք կարող հասնել հետհեղափոխական Հայաստանում։”,- ասաց նա։
ԼՀԿ պատգամավորը դժվարանում է ասել, թե ինչն էր հիմք հանդիսացել վարչապետի նման հայտարության, բայց նշում է․ բարեփոխումները, որոնք իրականացվում են նախարություններում արվում են ոչ պատշաճ մակարդակով ։
“Շատ վատ է աշխատում կառավարությունում փաստաթղթաշրջանառությունը, կառավարությունը չի կարողանում բավարարել օրենսդիր մարմնի կողմից ուղարկված հարցումներին։ Հարցումները ստանում ենք ոչ լիարժեք ,թափթփված” ,–ասում է Անի Սամսոնյանը։
Սակայն իշխանության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը նշում է, որ վարչապետի այս խոսքը պետք է ընկալել որպես ուղերձ առ այն, որ շատ ավելի անհանդուրժող են դառնալու և կոռուպցիայի դեմ պայքարում չեն խնայելու նույնիսկ յուրայիներին։
Վարչապետի հայտարարության մեջ պարունակվող ուղերձը հստակեցրեց նաև նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նա նշեց, որ խոսքը կադրային ջարդի մասին չէ։ Խոսնակը խորհուրդ տվեց Փաշինյանի հայտարարություններին ավելի ուշադիր հետևել։
Ի դեպ վարչապետի այս հայտարությանն անդրադարձել էր քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն, ասելով, որ կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը։ Վերջինս առաջարկել էր վարչապետ Փաշինյանի ելույթին վերաբերվել շատ լուրջ։
«Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ»,–ասել էր քաղաքագետը։

 

Արմինե Գևորգյան