Բավ է պառակտվել
25-10-2022 23:33

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ իրավիճակը պարզաբանելու համար․ Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ իրավիճակը պարզաբանելու համար։

Երեքշաբթի ավելի վաղ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, և նա այժմ համարվում է անցանկալի անձ։ Ինքը՝ Զատուլինը, դա վիրավորական քայլ է անվանել։ Իր հեռագրային ալիքում նա նշել է, որ այս որոշումն ինքնին հայտանշական է և վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։

«Ռուս-հայկական հարաբերություններում սա առաջին նման դեպքն է խորհրդարանական կորպուսի ներկայացուցչի նկատմամբ»,- ընդգծել է Զատուլինը։

Նա «Վեդոմոստի»-ին ասել է, որ տեղյակ չէ, թե իր որ հայտարարությունները կարող էին հանգեցնել Հայաստանի իշխանությունների նման արձագանքին։

Զատուլինն ասել է, որ իրեն «մտահոգում է հանրապետության ղեկավարության քաղաքականությունը», որը, նրա կարծիքով, ուղղված է «Արևմուտքի շահերին»։

Զատուլինի Հայաստան մուտքի արգելքը «Հայկական ժամանակ»-ը բացատրում է նրանով, որ իր հրապարակային հարցազրույցներում պատգամավորը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանություններին 44-օրյա պատերազմում պարտության մեջ։