Բավ է պառակտվել
19-11-2019 19:20

Փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջեց դահլիճում պահպանել կոռեկտ մթնոլորտ

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին: Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկի հիմքում նշել էր մի քանի հանգամանք՝ կապված Մարտի 1-ից այս անջատված գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գործողությունների հետ՝ նշելով, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն ունեցել է կանխակալ վերաբերմունք եւ պարբերաբար թույլ է տվել քրեադատավարական վարքի խախտումներ, որոնք կարող են որակվել որպես էական խախտումներ:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց ինքնաբացարկի միջնորդություններին նշելով «Նրանք չեն ցանկանում Պետրոսյանին որպես հակադիր կողմ տեսնել, քանի որ բողոքներ է ներկայացրել իրենց դատական ակտերի վերաբերյալ: Նրանք այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց պահանջները բավարարի և հրաժարվի մեղադրանքից: Նախորդ նիստի հնչեցրած միջնորդությունները կապ չունեն դատավարության հետ, նա իրականացրել է պատշաճ գործողություն»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին, ասաց, որ նախորդ նիստին ներկայացված միջնորդության հիմքերը ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն:

«Խոսել, որ քննիչը թաքցրել է նյութեր, հնարքներ են՝ ապակողմնորոշելու համար: Եթե քննիչը նյութ է թաքցրել, ինչպե՞ս են իրենք քննության վերցրել այդ նյութերը»,- ասաց նա:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջեց դահլիճում պահպանել կոռեկտ մթնոլորտը:

Փաստաբանը հայտարարեց, որ մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են հնչել:

«Դատարանը պարտավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նման երեւույթն անհնար լինի: Ինչպես դա կանի դատարանը՝ իր գործն է: Սակայն մենք պետք է վստահ լինենք, որ դահլիճում մեր հասցեին վիրավորանք չի հնչի: Եթե դա անհնար է, ապա պետք է մտածել՝ արդյոք արժե մտնել այս դատարան, թե՝ ոչ: Իմ ֆրանսիացի գործընկերը, չգիտեմ, թե ինչու զարմացավ, հնարավոր է, նա պարզապես չհասկացավ, որ սա դատ է: Նա պարզապես չի տեսել նման բան դատարանում»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանական թիմի անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն էլ Սարգիս Քլոյանը, առարկեց մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու, նրանց բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ:

Քլոյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Մենք հիմնական պատճառը չենք ասում՝ ի՞նչից առաջացավ Մարտի 1-ը, ո՞վ ա հիմնական մեղավորը. 2008 թվականի փետրվարի 19-ի խայտառակ ընտրությունները. մեշոկներով փողեր էին բաժանում՝ իմ աչքի տեսածով...»,- ասաց Քլոյանը, նրան սակայն ընդհատեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հորդորելով դիրքորոշում հայտնել դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանի եւ Պետրոս Պետրոսյանի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

 

 

Արմինե Գևորգյան