Բավ է պառակտվել
04-05-2021 18:36

Զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներումը կընդլայնվի. Արդարադատության նախարարությունը ներկայացրել է փոփոխությունները

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, նախագծի նպատակն է հնարավորություն ընձեռնել ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք և սեփական ավանդը ներդնելու երկրի սոցիալական և տնտեսական զարգացման գործում:
Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունման հիմքում ընկած են նաև հետպատերազմական հետևանքների մեղմումը, ինչպես նաև մարդասիրության և համերաշխության սկզբունքների դրսևորումը:
«Նախատեսվում է համաներումը կիրառել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մասնավորապես, նշեց նա, համաներումը կկիրառվի 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ (օրինական հիմքերի բացակայության պայմաններում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հիսնապատիկ չափով կամ մինչև երկու ամիս կալանավորում կամ ազատազրում՝ մինչև 2 տարի ժամկետով):

Փոխնախարարը միաժամանակ ընդգծեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կկատարվեն փոփոխություններ, մասնավորապես՝ 27 տարին լրանալը կհաշվարկվի ոչ թե 2020թ․ սեպտեմբերի 26-ից, այլ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչը կընդլայնի շահառուների շրջանակը։

Նրա խոսքով, նախատեսվում է նաև համաներում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն 327-րդ հոդվածի 1-ին, այլ նաև 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ (սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտական իրավիճակի ժամանակ պատժվում են 4-8 տարի ազատազրկմամբ):

«Օրենքի գործողության ժամկետի երկարաձգման արդյունքում ստացվում է, որ զինապարտները 2020թ դեկտեմբերին խուսափել են ծառայությունից ռազմական դրության պայմաններում, հետևաբար նախատեսվում է օրենքը տարածել նաև նրանց վրա»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ համաներումը նախատեսվում էր չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով: Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է մինչև երկրորդ ընթերցում հանել այս սահմանափակումը: Հետևաբար, ՔՕ նախատեսված այլ հանցագործություն կատարած անձը պատասխանատվության կենթարկվի միայն այլ արարքի համար։

Ինչպես նշեց փոխնախարարը, բոլոր շահառուները կամովին պետք է ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան: Ներկայանալու պարագայում ընթացակարգային հարցեր պետք է լուծվեն: Համաներման կիրառման հարցը պետք է քննարկվի իրավասու մարմնի կողմից՝ պարզելու, թե տվյալ անձի նկատմամբ համաներման կիրառման սահմանափակում կա, թե ոչ, և համապատասխան ընթացակարգերով որոշում կկայացվի: Համաներումն իրավասու մարմինների կողմից կիրառվելու է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: 
Բացի այդ, համաներման արդյունքում ազատ կարձակվեն արդեն պատիժ կրողները; կմարվի պայմանական պատիժ կրողների դատվածությունն, իսկ պայմանական վաղաժամկետ ազատվածները կազատվեն իրավապահ մարնինների հսկողությունից:

Փոխնախարարը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին, մասնավորապես` ոչ թե հեռահար համաներում ձևակերպելու, այլ անձամբ ներկայանալու անհրաժեշտության մասին` շեշտելով, որ հիմնական նպատակն է խթանել քաղաքացիների վերադարձը հայրենիք:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ցուցակները պատրաստ են, բոլոր տվյալներն առկա են, և ընթացակարգերը կլուծվեն հնարավորինս արագ:

Արդարադատության նախարարության գնահատմամբ, եթե օրենքն ընդունվի մինչև մայիսի 4-ը, ապա առավելագույնը 5433 քաղաքացի կդառնա դրա շահառուն Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով ընթացքում է 140 քրեական գործ: Խոսքը նաև 124 դատապարտվածի մասին է, ում 27-ին տարին լրացել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ, և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի համաձայն: Քննության փուլում է 261 քրեական գործ, որոնք դեռ չեն հասել դատարաններ, ևս 18 քրեական գործ քննվում են դատարանների կողմից: 327-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է կրում մեկ բանտարկյալ: Պրոբացիայի գծում 19 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել:

Հայաստանում ավելի քան 10 տարի գործում էր ընթացակարգ, որի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած զորակոչիկները կարող էին վերադառնալ երկիր ՝ յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար վճարելով որոշակի գումար: Ավելի ուշ այս ընթացակարգը չեղարկվեց:

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, վերջին համաներումը (քրեական հոդվածներով), որը հայտարարվել էր Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ կիրառվել է 4,976 անձի նկատմամբ, որոնցից 1152-ը կրկին հանցագործություն են կատարել, իսկ նրանցից 249-ը՝ երկու կամ ավելի անգամ: