
Հայաստանում քաղաքական լարվածություն է. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ Թևանյանին մեղադրանք է առաջադրվել լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Ինքը՝ Թևանյանը, մեղքը չի ընդունում՝ համարելով քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Իրավապահները Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին գիշերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թույլտվությունը ստանալուց հետո։ ԿԸՀ-ն, մոտ ինը ժամ տևած նիստից հետո, բավարարել էր դատախազության միջնորդությունը և պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է առանց բավարար ապացույցների, պնդելով, որ չկան ոչ խափանման միջոց կիրառելու, ոչ էլ մեղադրանքի հիմքեր։
Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլև ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները։ Քննչական մարմինները պնդում են, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց վարկածով՝ երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Այդ տեղեկությունները վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ձերբակալվելուց առաջ Թևանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները՝ պնդելով, որ նման կազմակերպության մասին լսած չկա։ Կալանքի հարցով նիստը դռնփակ է եղել, ինչը զրկել է լրատվամիջոցներին մեղադրող կողմի հիմնավորումներին ծանոթանալու հնարավորությունից։ Իրավապահները դեռևս չեն բացահայտել, թե 2024 թվականին Թևանյանն ում միջոցով և կոնկրետ ի՞նչ տեղեկություններ է ստացել, որ փոխանցել է ռուսական կազմակերպությանը։ Մեղադրանքի հաստատման դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է 12 տարուց մինչև ցմահ ազատազրկում։





