
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատությամբ է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ ընդգծելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Ծառուկյանի գնահատմամբ՝ Փաշինյանի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին, իսկ Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու մասին հայտարարությունները ընդամենը իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ են։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին «կոռեկտության սահմաններն անցնելով» վիրավորանքներ ու սադրիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին, Ծառուկյանը պատասխանել է. «Մեկնաբանությունս նա է, որ արդեն եթե այդ ձևի է պահում, ուրեմն նայում եմ, որ գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնում են, որ այն առաջվանը չկա։ Այս ութ տարվա ընթացքում, բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր ժողովրդին դարձրել են միայն տուգանքի մատերիալ»։
ԲՀԿ առաջնորդը նաև գործող իշխանություններին է վերագրել 2020 թվականի պատերազմի հետևանքները։ «Ալիևին վիրավորելով պատերազմ հրահրեց, որի հետևանքով եղավ պարտություն, խայտառակություն, զոհեր, հաշմանդամներ, հողերի հանձնում։ Իսկ դրանից հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել։ Դա մեր ազգին պատիվ չի բերում», — ասել է նա՝ հավելելով, որ վարչապետի ներկայիս պահվածքը կապված է սեփական քաղաքական ապագայի վերաբերյալ մտահոգությունների հետ։
«Բոլորը հասկանում են, որ առաջվանը չի։ Գիտի, որ վերջը եկել է։ Էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ Կարամ գրեմ ու ստորագրեմ», — ընդգծել է Ծառուկյանը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ կապված իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի անշարժ գույքի հետ, Ծառուկյանը նշել է, որ այդ թեման արհեստականորեն է շահարկվում։ «Գուլոյան Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն է, գործարար մարդ է, ամբողջ Հայաստանը ճանաչում է։ Մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ է։ Հիմա այդ “ռեկլամ” անելը, որ տունը պետականացրել են, ժողովուրդը դա չի ընդունում։ Գուլոյանի տղան միլիոնատեր մարդ է, ամբողջ կյանքում աշխատել է, բիզնես ստեղծել։ Իմ աղջիկը տուն պիտի չունենա՞», — հարց է բարձրացրել նա։
Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունները տարիներ անց են հիշել այդ թեմաների մասին, ինչը, ըստ նրա, քաղաքական նպատակներ ունի։ «25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր հարկերը վճարվել են, ամեն ինչ օրինական է։ Սա նշան է, որ արդեն իրենք զգում են՝ վերջը եկել է», — նշել է ԲՀԿ առաջնորդը։
Եզրափակելով իր խոսքը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ երկրի հիմնական սպառնալիքներն այսօր «Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են»։ «Այս վիճակով ժողովուրդ չես կարող պահել։ Ժողովուրդը հիմա իրականություն է ուզում՝ խաղաղություն, ներդրումներ, բարեկեցիկ կյանք։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ սկիզբ ունի, նա էլ վերջ ունի», — ընդգծել է Ծառուկյանը՝ կոչ անելով փոփոխությունների և կայունության։


Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում 40 անգամ կրկնել է «Եվ այդ մեկ մարդը դու ես» նախադասությունը

