Բավ է պառակտվել
17-02-2020 21:10

Հայաստանին շատ չարագուշակ օրեր են սպասվում․ Իշխանյան

Այսօր տեղի է ունեցավ պանելային քննարկում` «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով։ Քննարկումը կազմակերպել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը։
«Ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել երկրում հեղափոխությունից հետո, այն է, որ փոխվել է լուր արտադրողը։ Այլևս լրագրողը չի, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չի, որ լուր է արտադրում, մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ «ուղիղ եթեր» իրականության, որը հրամցնում է մեզ երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ հարկատուները վճարում են, որ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրի տեղեկատվություն երկրի բարձրաստիճան պաշտոնյանի գործուղումների մասին, մինչդեռ դրանց մասին ավելի հաճախ հայտնում են ֆեյսբուքյան գրառումների և ուղիղ եթերների տեսքով. «Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար հիմք չէ: Կարող է ուղիղ եթերը կանգնել, խմբագրվել, ինչպես հաճախ է, լինում: Ես՝ որպես քաղաքացի, պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որը չեմ ստանում»:
Անդրադառնալով իշխանություն-լրատվամիջոցներ հարաբերութուններին՝ Մանուկյանն ասաց, թե ժամանակները փոխվել են, ձևերը՝ մնացել նույնը:
«2015, թե 2016 թվականին Սերժ Սարգսյանն ասաց, թե երկու հեռուստաընկերության եթերից գաղջ մթնոլորտ է լցվում, և հասարակությունը հիասթափված արտագաղթում է: 2020 թ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռուստաընկերություններից մեկի եթերում հակապետական քարոզչություն է՝ չհստակեցնելով՝ որի: Պարբերաբար այդ խոսակցությունները լինում են, այսինքն՝ լրատվամիջոցը, որն իշխանությանը ոչ հաճո տեղեկություն է հրապարակում, իշխանության «աչքի փուշն» է՝ կախված, թե ով ինչպես է պայքարում այդ լրատվամիջոցների դեմ»,-ասաց նա:
Լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյան էլ նշեց, որ եթե դատարանները պետք է այսքան բիրտ ձևով կախվածոթյուն ունենան իշխանությունից, իսկ հանրաքվեն միայն դրա համար է, ապա Հայաստանին շատ չարագուշակ օրեր են սպասվում։ Սրանք ընդամենը ծաղիկներ են այն բանի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ։
Խոսելով Հանրային հեռուստաընկերության մասին՝ բանախոսը տվյալ ալիքի գործունեությունն ահավոր որակեց։ «Լինում է անմեղության կանխավարկիածի խախտում, ինչպես տեսանք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պատմող ռեպորտաժում, լինում են բացահայտ սուտ հաղորդումներ... Եթե մի կազմակերպություն լիներ, որի միջոցով Հանրայինի լրագրողները կդիմադրեին իշխանության ճնշումներին, իշխանությունը չէր կարողանա նրանց աշխատանքից հանել», - ասաց բանախոսը։
Իսկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյան էլ նշեց,որ ազատ արտահատվելու հնարավորություն իրենք ունեցել են գոյության ամբողջ ընթացքում։
«2008-ից «Հրապարակ» օրաթերթ հրապարակվում է և այս տարիներին չի եղել որևէ թեմա, որն անձեռնմխելի լինի, որի հետ կապված մենք չկարողանանք գրել այն, ինչ ուզում ենք: Այս առումով մեր աշխատանքում փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է այլ առումներով մեր աշխատանքին, այդ աշխատանքը շատ բարդացել է 2018 թվականից հետո. մենք ունենք ինֆորմացիայի հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականն էր, որովհետև որքան էլ մեր երիտասարդ իշխանությունները դեմոկրատիայի լոզունգներով եկել են իշխանության, իրենք թափանցիկության այդքան էլ կողմ չեն ու հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր աշխատանքը, հիմա տեղեկատվության ստանալը բարդացել է», - ասաց Օհանյանը:

 

 

Արմինե Գևորգյան