Բավ է պառակտվել
06-10-2018 18:25

Ելենա Կոժեմյակինա. «Հայերի բացսիրտ լինելը թուլություն չէ, այն ձեզ տրված վստահության կանխավճար է»

Фото: Сергей Нагорный Фотоателье

Ընկերներն անվանում են նրան “հայուհի՝ ընտրությամբ”, նա տեղափոխվել է Հայաստան 9 տարի առաջ, թողնելով Մոսկվայում հաջողված իրավաբանի աշխատանքը։
Նման որոշում կայացնելու պատճառներն իմանալու համար Gisher.news-ը զրուցել է PR խորհրդատու և բլոգեր Ելենա Կոժեմյակինայի հետ։

G.N. Ելենա, չեմ կարող չհարցնել․ինչու՞ են քեզ կոչում “հայուհի՝ ընտրությամբ”։

Ե․Կ․Ինձ իմ ընտրությամբ չեն այդպես կոչում (ծիծաղում է), բայց երբ ինձ հարցնում են, ի՞նչ ասել է “հայուհի՝ ընտրությամբ”, հակիրճ ասած՝ երբ գիտակցում ես, որ քո երեխաները հայ են։ Հասկանում և հարգում ես դա։ Ես ակնածանքով և հետաքրքրությամբ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ իմ երեխան այլ ազգության է, այլ մտածելակերպ ունի։ Նրա մեջ միավորվել են իմ ռուսական բացսրտությունն ու հայկական համառությունը։ Ինձ դուր է գալիս, որ նա հավասարապես ուսումնասիրում է ռուսական և հայկական մշակույթը, հարցեր է տալիս։ Այնպես որ, ինձ համար “հայուհի՝ ընտրությամբ” նշանակում է կին, ով հարգանքով ընդունում է, որ իր ամուսինն ու երեխաները հայ են։

G.N. Արդյո՞ք կարևոր է հասկանալ, ինչ ես ակնկալում այն երկրից, ուր տեղափոխվում ես։

Ե․Կ․Կարծում եմ, ամեն ոք իր կարծրատիպերն ունի այն վայրի մասին, ուր մեկնում է՝ ձևավորված նախորդ փորձով, անձնական բնութագրով, վախերով, հավակնություններով և աճի սպասելիքներով։ Սակայն երբ մարդ որևէ վայր է մեկնում, նա պետք է հասկանա, որ իր պատկերացումների մեծ մասը սխալ կլինի։ Նա հայտնվում է նոր վայրում, որն իր սեփական ռիթմով է ապրում։ Իսկ երբ մենք այլ վայր ենք տեղափոխվում՝ անչափ դժվար է փոխվել, ընդունել նոր պայմաններն ու ավանդույթները։ Եվ իհարկե, մեծ հաջողություն կլինի, եթե դու գտնես ճիշտ “ուղեկցորդ”, ով կօգնի զերծ մնալ ընկալման կաղապարների սխալ ձևավորումից, քանի որ նոր վայրում առաջին անգամ մեզ հանդիպած մարդիկ մեծամասամբ մշակութային բնավորության և ավանդույթների կրողներ չեն։

G.N. Ես կարդացել եմ, որ դու քո կյանքի ընթացքում 15 անգամ փոխել ես բնակության վայրդ։ Պատմիր, խնդրում եմ, ինչո՞վ էին պայմանավորված այդ տեղաշարժերը և, մասնավորապես՝ Հայաստան տեղափոխվելը։

Ե․Կ․Ես ծնվել եմ Ռիգայում, անցել եմ ամբողջ Ռուսաստանը՝ Հեռավոր Արևելքից մինչև Մոսկվա։ Դա կապված էր ծնողներիս աշխատանքի հետ։ 21 տարեկանից ապրել և աշխատել եմ Մոսկվայում։ Ունեի մասնագիտական աճի ծրագրեր՝ կապված Անգլիա տեղափոխվելու հետ, սակայն քանի որ ամուսնանալու էի հայի հետ՝ ընտրեցի Հայաստանը։ Իհարկե, երբ 22 տարեկան ես, քեզ թվում է, որ կարող ես ամեն ինչ հաղթահարել և փոխել։ Շատ սպասելիքներ կային, որոնք մասամբ իրականացել են, մասամբ՝ ոչ։

G.N. Ո՞ր ակնկալիքներդ են արդարացվել, որոն՞ք՝ ոչ։

Ե․Կ․ Արժեքները բացարձակապես տարբեր են 20 և 30 տարեկանում։ 20 տարեկանում դու ուզում ես բոլորին ապացուցել, որ ճիշտ ես, փորձում ես փոխել այն ամենն, ինչ քեզ դուր չի գալիս։ 30 տարեկանում հասկանում ես, որ դարերի ընթացքում գոյություն ունեցող շատ բաներ պետք է անփոփոխ մնան։ Ի սկզբանե, վանում եմ մարդկային արատները․ հնարավոր է, որ սա որոշակի մասնագիտական դեֆորմացիայի դրսևորում է, իրավաբանի և հռետորի յուրահատուկություն։ Այդ պատճառով, հաճելի անակնկալ է, երբ պարզվում է, որ մարդիկ շատ ավելի լավն են։ Այդպես եղավ և Հայաստանում։

G.N. Ինչպիսի՞ն դու տեսար Հայաստանը։

Ե․Կ․Այն զարմանալիորեն մայրիշխան երկիր է։ Կանայք այստեղ անհավատալի իրավունքներ և հնարավորություններ ունեն, որոնք նրանք հաճախ չեն հասկանում, կամ սխալ են մեկնաբանում։ Երբ Հայաստանում կանայք փորձում են հավասարվել տղամարդկանց, ըստ էության, նրանք ցանկանում են ոչ թե ձեռք բերել իրավունքների որոշ ծավալ, այլ հակառակը՝ հրաժարվել դրանից, քանի որ աշխարհի որևէ այլ երկրում գոյություն չունի անվտանգության այն շրջանակը, որն ունեն կանայք այստեղ։ Այստեղ առերևույթ հայրիշխանություն է տիրում, քանի որ տղամարդը պարտավոր է պաշտոնեական աճ ունենալով գումար վաստակել։ Սակայն առօրյա կյանքի հիմքը կինն է։ Հայաստանում մեծ հարգանքով են վերաբերվում ավագ սերնդի կանանց․ նրանք են լեզվի կրողը, դարավոր ավանդույթներ պահպանողը։ Շատ կարևոր դեր ունեն կինը, նրա մայրն ու սկեսուրը, նրանք են ձևավորում միջանձնական հարաբերությունների ցանկացած համակարգը։ Որքան էլ որ տղամարդը հաջողակ լինի, նա մեծ խնդիրներ կունենա, եթե չկարողանա լեզու գտնել այդ երեք կանանց հետ։ Իրականում, տղամարդկանց իշխանությունն այստեղ բացարձակ մեխանիկական է։

G.N. Կպատմե՞ս առաջին տպավորություններիդ մասին։

Ե․Կ․ Առաջին անգամ ես Հայաստան ժամանեցի 2009 թ․մայիսյան տոներին։ Մոսկվայից հետո Երևանի կյանքի ռիթմը շատ հավանեցի․փողոցում շատ մարդիկ կան, սակայն նրանք չեն գնում որևէ վեկտորային ուղղությամբ, այլ կարող են պարզապես զբոսնել, սրճարաններում նստել։ Ամեն քաղաք արագության իր մտածելակերպն ունի․ գերքաղաքից հետո Երևանում հայտնվելով դու անմիջապես զգում ես, որ քո սովորական մտածելակերպը խախտվում է։ Գումարած, իհարկե, արևոտ եղանակը։ Մոսկվայում այդ ժամանակ տեղատարափ անձրևներ էին, իսկ Երևանում օդանավակայանից սկսած արդեն արև էր, սարերի հիասքանչ տեսարանը, շատ մրգեր։ Մոսկվայի հետ տարբերությունը խիստ էր։

G.N.․Ինչը՞ քեզ ապշեցրեց Հայաստանում։

Ե․Կ․Երբ ես Հայաստան եկա, սկզբում կարծես սպիտակ աղմուկ էր իմ շուրջ։ Ես հայերեն ոչ մի բառ չէի հասկանում։ Բոլորը շատ ակտիվ ձեռածում էին, և ինձ անընդհատ թվում էր, որ ինչ որ միկրոբախումներ կան, քանի որ մարդիկ շատ զգացմունքային հարաբերություններ էին պարզում։ Բացի այդ, երբ ես երեկոները դուրս էի գալիս, ինձ զարմացնում էր տղաների՝ 10-15 հոգանոց խմբով հավաքվելու և պարզապես կանգնելու սովորությունը։ Ես չէի կարողանում հասկանալ այդ հավաքների նպատակը։ Երևանում ամեն ինչ մոտիկ է, հավաք, և, իհարկե, դուր է գալիս այլ մտածելակերպը։ Անկախ տարածաշրջանից կամ տեղանքից՝ այստեղ ընդունված է հոգատար լինել։

G.N. Իսկ Ռուսաստանում այդպե՞ս չէ։

Ե․Կ․Ես չեմ կարող ասել այժմյան Ռուսաստանի մասին, բայց երբ ես 9 տարի առաջ մեկնում է՝ այդպես չէր։ Հայաստանում անծանոթը կարող է հյուրասիրել քո երեխային կոնֆետով, գլուխը շոյել։ Ես գիտեմ, որ եթե իմ երեխան վազելով մինչև պուրակի վերջը հասնի, ցանկացած մեծահասակ նրան կկանգնեցնի։ Կամ, երբ դուստրս փոքր էր և պատահաբար վայր էր ընկնում ինձնից մեկ մետր հեռավորության վրա՝ անցորդները նրան բարձրացնում էին, հագուստի փոշին թափ տալիս, հանգստացնում, քանի որ դա նորմալ է համարվում։ Ռոսաստանի հասարակությունն այդքան մարդամոտ չէ։ Այստեղ ընդհանուր հոգատարության զգացողության կա։ Հայաստանում ինձ մտածված երբեք չեն կոպտել, չնայած ես ուղղամիտ ռուս եմ։ Իմ նկատմամբ նախապաշարմունք չեմ զգացել, ընդհակառակը, իմ հայերեն խոսելը դրական արձագանք էր առաջացնում։ Այնպես որ Հայսատանն արևոտ է ոչ միայն եղանակով, այլև մարդկային այլ տիպի վերաբերմունքով։

G.N. Մշակութային կոդե՞ր։

Ե․Կ․Անշուշտ, դրանք ընտանեկան արժեքներն են։ Հիմա բոլոր ռուսալեզու ընկերներս կհակաճառեն, որ Ռուսաստանում էլ ընտանիքներ կան, սակայն Ռուսաստանում ընտանիքը հստակ սահմանազատված բջիջ է։ Հայաստանում ընտանիքը 50-100 մարդ է, որոնք ընդմիշտ քո կյանք են մտնում։ Իմ ամուսինը Ղարաբաղից է, և ես մինչ այժմ ծանոթանում եմ նրա հարազատների հետ։ Եթե քեզ ընտանիք են ընդունում, դու, անկախ որևէ բանից՝ դառնում ես “մեր մարդը”։ Իմ կարծիքով, Ռուսաստանում վերացել է այդ մերձավոր-օտար վերաբերմունքը։ Ինձ դուր է գալիս ավագ սերնդի՝ որպես ընտանիքի հենքը պահողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։
Ինձ դուր է գալիս, ինչպես են Հայստանում նշում տոները։ Խմիչքն այստեղ նպատակ չէ, այն պարզապես սեղանին դրված կերակրի երանգ է։ Այն ոչ միայն շատ հեռավոր բարեկամների և ծանոթների հետ հանդիպելու հնարավորություն է, այլ նաև տխրությունը և ուրախությունը կիսելու միջոց։ Ես համարում եմ, որ Ռուսաստանում գոյություն ունի միասնական վիշտ, բայց վերացել է միանական ուրախությունը։

G.N. Ի՞նչ պետք է իմանան աղջիկները կամ տղաները, ովքեր ցանկանում են ամուսնանալ և Հայաստան տեղափոխվել։

Ե․Կ․Որքան որ զարմանալի լինի՝ ես դեմ եմ խառն ամուսնություններին, քանի որ դու պետք է պատրաստ լինես ամենօրյա աշխատանքին և այն փաստին, որ մեկընդմիշտ ընդունում ես մեկ այլ ազգ։ Երիտասարդ տարիներին քեզ թվում է, որ եթե սիրում ես՝ դա հեշտ է։ Բայց երբ ապրում ես մշակությային ամուր բաղադրիչ ունեցող այլ ազգության անձնավորության հետ, երբ զգացողություն կա, որ պատասխանատու ես նրա համար՝ սովորում ես լռել, քանի որ շատ բաներ քեզ հասկանալի չեն։ Այնպես որ երկու- երեք տարի անհրաժեշտ է լռակյաց դիտել։ Երբ Հայաստան ես գալիս՝ պետք է կարողանաս դուռը հետևիցդ փակել։ Այստեղ ռուսներին շատ լավ են վերաբերվում, գրեթե բոլորը հասկանում են ռուսերեն, ռուս զբոսաշրջիկները և այստեղ աշխատող ռուսները ոչ մի ճնշում իրենց վրա չեն զգում։ Այնուամնեայնիվ, մեր բարոյական-մտավոր արժեքներն արմատապես տարբերվում են։ Հայաստանում շատ արժեքավոր բաներ կան, որոնք ռուս մարդն միանգամից չի հասկանա, քանի որ առաջին անգամ է նման բանի հետ բախվում։

G.N. Որո՞նք են դրանք։

Ե․Կ․Օրինակ՝ Ռուսաստանում բացասաբար է ընկալվում տոհմականություն հասկացությունը։ Հայաստանում տոհմականությունը համայնքն է, ունակությունը հասկանալ, որ երբ առաջ ես շարժվում, հարկավոր անընդհատ շրջվել՝ տեսնելու, արդյո՞ք մյուսները հասնում են քեզ։ Այդ պատճառով այստեղ տարածված է ընտանեկան բիզնեսը։ Հաճախ կարելի է հանդիպել բարեկամների մոտ ապրող ուսանողների։ Սա բնականոն է, մարդիկ պատրաստ են դիմանալ կենցաղային անհարմարությունների, քանի որ հասկանում են, որ հիմա առաքելությունն իրականացնելու իրենց ժամանակն է։ Ըստ իս, Ռուսաստանում անձնականությունն այն աստիճանի է հասել, որ հարաբերությունները կառուցվում են “ես՝ քեզ, դու՝ ինձ” սկզբունքի վրա։ Իսկ կյանքում դա հնարավոր է միայն գործընկերային, պայմանագրային հարաբերություններում, և այն էլ այն դեպքում, երբ դուք հավասար դիրքերում եք։

G.N. Հայի և ռուսի համար “մերձավոր շրջանակ” հասկացությունը շատ տարբեր է, ի՞նչն է պատճառը։

Ե․Կ․ Թող ներեն ինձ ռուսները, բայց պատճառը մեկն է՝ ռուսական սնոբիզմը։ Ռուսաստանում դու դաստիարակվում ես կայսերական մտածողության ռիթմով։ Ոմանք ընթացքում հաղթահարում են այդ խոչընդիտը, ձևավորվում է որոշակի քննադատական մտածողություն, բայց ազգը՝ որպես ամբողջություն, ընդունակ չէ դրան։ Հայերն ամուր սփյուռք ունեն, այդ պատճառով, չնայած մոնոէթնիկությանը՝ մշտապես առկա է նյարդային վերջույթների տարբեր ներհոսք, չկա այդպիսի միագույն սահմանում` հայ: Երբ ռուսները հայտնվում են այստեղ՝ ընկալում են երկիրը “մենք՝ լավն եք, իսկ մյուսները՝ վատը” պրիզմայի միջով։ Սակայն անհնար է ձեզ հետ ինքնաեռ բերել և թեյ խմել, քանի որ միևնույն է, ջուրն այլ վայրում եք վերցնելու։ Ցավոք, այստեղ աշխատող ռուս բնակչության մի մասը Հայաստանն ընկալում է որպես հանգստավայր՝ առանց ծովի։ Նրանք հասկանում են, որ դա ժամանակավոր է և չեն ցանկանում հարմարվել՝ զգացմունքային առումով։ Նրանք չեն փորձում հասկանալ, որ հայերի բացսիրտ լինելը թուլություն չէ, այլ իրենց տրված վստայության որոշակի կանխավճար։ Սա վերաբերմունք է, որը ձևավորվել է հայերի այն գիտակցության շնորհիվ, որ իրենք ավելի հին են և իմաստուն, իսկ ռուսները կարծում են, որ իրենք են ավելի հին։ Հայերը՝ որպես ազգ, ձևավորվել են մի քանի հազար տարի առաջ, իսկ ռուսները շատ ավելի երիտասարդ ազգ են: Մենք սովորելու, կլանելու բաներ ունենք։ Եվ երբ ռուս մարդը հայտնվում է Հայաստանում, նա պետք է հստակ հասկանա, ինչի համար է այստեղ։ Եթե զբոսաշրջիկ է՝ հարց չկա, թող պահի իրեն ինչպես իր ներքին քաղաքակրթությունն է թույլ տալիս։ Բայց եթե դու ցանկանում ես համայնացվել՝ պետք է ենթարկվես տեղական հասարարակական օրենքներին։

G.N.. Քո կյանքի մի ժամանակահատվածում դու հեռացել էիր Հայաստանից, բայց՝ վերադարձար: Ինչո՞ւ։

Ե․Կ․Ես ամուսնալուծվեցի իմ առաջին ամուսնուց և որոշեցի, որ ուզում եմ հանգստանալ այդ ամենից, 8 ամսով մեկնեցի Ռուսաստան, բայց հասկացա, որ դուստրս հայուհի չի մեծանա։ Լինելով ռուս՝ ես հասկանում եմ, որ եթե քո երեխան հայ ծնող ունի, դու չես կարող նրան զրկել ազգային ինքնության իրավունքից։ Բացի այդ, ես հասկացա, որ ցանկանում եմ Հայաստան վերադառնալ ոչ թե որպես “հարսնացու հյուսիսից”, այլ որպես այդ երկրի քաղաքացի, որպես մարդ, ով իր ապագա կյանքը Հայաստանի հետ է կապում։ Ես պատասխանատու եմ իր երեխայի համար և Հայաստանն եմ ընտրում որպես նրա զարգացման ուղի․նա իրեն այս երկրի հետ կնույնականացնի։ Իմ երեխան մտածում է հայերեն և իրեն հայ է համարում, չնայած ազատ խոսում է ռուսերեն։ Նա բացարձակ մանկական մաքսիմալիզմ ունի․ հայերը բոլորից լավն են։ Այստեղ նա ունի այն մանկությունը, որը ես չեմ ունեցել։ Ինձ համար կարևոր է, որ իմ երեխան Հայաստանն ընկալի բացառապես որպես այն վայրը, որտեղ նա ապագայում պետք է ապրի։ Ես ուզում եմ, որ նա Հայաստանին վերաբերվի որպես իր տանը և հասկանա, որ պատասխանատու է նրա համար։

G.N. Դու քեզ “հարսնացուն հյուսիսից” անվանեցի՞ր․․

Ե․Կ Շատ զվարճալի էր․երբ ես Հայաստան եկա, “Լենա, արի այստեղ” հաղորդումն էր արձակվել, և բոլորն ինձ առաջարկում էին դիտել այն (ծիծաղում է)։ Բոլորը պատմում էին ինձ ադ ֆիլմի մասին, բայց ես դիտեցի այն հինգ տարի անց, ուզում էի բնօրինակը դիտել, հայերենով, այնտեղ շատ հստակ է ներկայացված փոխակերպումը։ Չեմ կարող ասել, որ դա գլխավոր կինոնկարն է Հայաստանի մասին։ Կարծում եմ, որ եթե սկսում ես Հայաստանում ապրել, անհրաժեշտ է դիտել “Հայրիկ” կինոնկարը կամ “Խնձորի այգին”, որտեղ շատ լավ են նկարագրված հասարակության արատները և այն, թե ինչպես կարելի է արձագանքել դրանց։

G.N. Դու աշխատել ես “Մարաշլյան ֆոտոատելիեյում։ Ինչպե՞ս է ընկերների հետ աշխատելը։

Ե․Կ․ Էմմա Մարաշլյանի հետ աշխատել եմ երեք տարի, ստուդիայի PR-մենեջերն էի, պատասխանատու էի բոլոր միջոցառումների համար, զաբղվում էի տարազի գովազդով, դե, նաև կարգավորում էի բոլոր իրավական հարցերը։ Մեզ նաև հաջողվեց իրագործել լուսանկարչության ոլորտում հեղինակային իրավունքի ծրագիրը։ Ես ընկերությունների հանրային կապերի փորձ չունեի, բայց ժամանակին զբաղվել էի քաղաքական փիառով։ Բացի այդ, իմ աշխատելաոճը բացարձակապես տարբերվում էր Էմմայի ոճից։ Նա մեղմ և նրբանկատ անձնավորություն է, իսկ ես բավականին կոշտ եմ, շատ հարցերում՝ բավականին անզիջում։ Բանակցույթունների ընթացքում ինձ համար ոչ մի “ջան”, “ ցավդ տանեմ” գոյություն չունի․ մենք պայմանագիր ենք կնքել, և դու կատարում ես դրա պայմանները։ Միաժամանակ, շատ եմ սիրում, երբ ինձ դիմելիս ամուսինս կամ ընկերներս ինձ “ջան” կամ “ցավդ տանեմ” են ասում։ Երբ դա մոլեկուլյար մակարդակի վրա է՝ անչափ նուրբ հոգևոր բնակազմություն է, իսկ բիզնեսի մեջ՝ հաճախ պատասխանատվությունից խուսափելու ցանկություն։ Ես խոսքի մարդ եմ, և եթե մենք ինչ-որ բան ենք պայամանավորվել, ապա՝ վերջ։ Ընկերների հետ աշխատելու դրական կողմը հսկայական վստահությունն է․անգամ եթե դու կասկածում ես քո հնարավորություններին, քո ընկերները քեզ հավատում են։ Բացասական կողմն այն է, որ միշտ առկա է զգացմունքային տարրը, որը խանգարում է սառնասիրտ որոշումներ կայացնել։

G.N.․Դու աշխատել ես լուսանկարչական ստուդիայում, որտեղ հիմնական ուղղվածությունը տարազն է, այնպես որ չեմ կարող չհարցնել, ի՞նչ է այն անձամբ քեզ համար:

Ե․Կ․ Դա կողմնացույց է, մեկ առարկայի միջոցով պատմությունդ ճանաչելու հնարավորություն, քանի որ հայկական տարազն իր մեջ անհավանական ծավալի տեղեկատվություն է պարունակում։ Մարդիկ հասկացել են, որ պատմամշակութայինը պահպանելու համար հարկավոր է հարգանքով և շատ նուրբ վերաբերվել եղածին։ Տարազը դադարել է լինել «գյուղի» հատկանիշ, այն դարձել է քաղաքային մշակույթի մի մաս`լուսանկարչական ստուդիայի շնորհիվ:

G.N. Ի՞նչ է սովորեցրել քեզ Հայաստանը

Ե․Կ․ Ես սովորել եմ լռել և սովորել եմ չվիճել, ապացուցել, հավանաբար, ավելի մեղմ եմ դարձել։ Ռուսաստանը սովորեցնում է ամբողջ կյանքում պայքարել կոպտության և դաժանության դեմ, իսկ Հայաստանում դու ետ ես վերադարձնում կանացի լինելու իրավունքը՝ սա շատ մեծ նվեր է, որը 21-րդ դարի կինն ամենուր չէ, որ կարող է ստանալ: Դու ունես ոչ միայն կնոջ պարտականություններն, այլև օգտվում ես այն առավելություններից, որոնք հնարավորություն են տալիս թույլ սեռ լինել։

G.N. Մեր զրույցից հետո ինձ մոտ հստակ զգացողություն է հայտնվում, որ հայ հասարակության մեջ կնոջ քո ընկալումը խիստ տարբերվուկ է հայուհիների ընկալումից։

Ե․Կ․ Հայաստանում կանայք շատ հաճախ շփոթում են ինքնակտուալիզացիան ինքնիրացման հետ։ Մի բան է՝ ձգտել կարիերայի աճի, որոշակի միջավայրի, որոշակի ինքնիրացման, իսկ ինքնակտուալիզացիան գիտակցումն է, արդյո՞ք դա քեզ անհրաժեշտ է, թե՝ ոչ։ Ի վերջո, միտումներն անցնում են,իսկ ձեր կյանքը միայն դուք եք ապրում:


Հոդվածի հեղինակ՝ Արմինե Ահարոնյան
Լուսանկարի հեղինակ՝ Սերգեյ Նագոռնի
Տարազով լուսանկարի հեղինակ՝ “Ֆոտոատելիե Մարաշլյան”