Բավ է պառակտվել
27-05-2019 21:20

Մարդիկ կան, ում ես խանգարում եմ. դատավոր Ռշտունի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով: Նիստը մեկնարկել է  ժամը 16-ին, դեռ շարունակվում է և ընթանում է դռնփակ: Ժողովին մասնակցում է 234 դատավորների կեսից ավելին, ինչը նշանակում է, որ քվորում կա:
Պաշտոնապես արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի մասին ոչինչ չէր հայտարարվել, բայց ենթադրվում է, որ օրակարգում դատական համակարգում փոփոխությունների հարցն է:
Մինչ ժողովի մեկնարկը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր անվան հետ շրջանառվող լուրերին:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե երկու այլ դատավորների հետ Ռշտունին էլ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը գրելու գործին: Հարցին՝ ինչո՞ւ են նման տեղեկություններ շրջանառվում, Ռշտունին պատասխանեց.«Մարդիկ կան, ում ես խանգարում եմ երևի, չեմ կարող ասել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են իր անունը կապվում նախկին իշխանությունների հետ:
«Նախկին իշխանությունների հետ բոլորին կարող են կապել՝ նրանց, ովքեր այսօր աշխատում են դատավոր, ու ովքեր մեկ տարի առաջ են նշանակվել: Ես էլ կարող եմ կապվել, 10 տարուց ավելի է՝ աշխատում եմ, եթե կապում են ինձ, որովհետև այդ ժամանակ եմ նշանակվել, կարող են կապել: Եթե ասում են, որ շահագրգռվածություն ունեմ այդ գործով, եթե նման տեղեկատվություն ունեն, թող ներկայացնեն»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի՝ թե 10 տարի դատավոր է եղել ,արդյո՞ք զանգերով որոշումներ է կայացրե, Ռշտունին պատասխանեց. «Մեկին գտեք, որ կասի, թե ես ինչ-որ դատական ակտ կայացրել եմ զանգի միջոցով: Ես ոչ զանգի միջոցով եմ դատական ակտ կայացրել, ոչ կայացնում եմ, ոչ էլ կկայացնեմ: Ոչ նախկինում են զանգել, ոչ էլ հիմա են զանգում»:
Ռշտունին անտեղի է համարում վեթինգի անցկացումը: Ասում է, որ ավելի լավ է այն թողնել մամուլի վրա:
«Միգուցե նստենք մտածենք նրա մասին՝ ի՞նչ քայլեր անենք, որ ավելի լավ աշխատի դատական համակարգը: Ինչքան հասկանում եմ՝ վեթթինգի իմաստն այն է, որ որոշեն, թե որ դատավորը կարող է աշխատել, որ դատավորը չի կարող աշխատել, տվյալ անձը կարո՞ղ է, թե՞ չէ: Կյանքում բոլորը թաքցնելու բան ունեն, եթե վերաբերում է իրենց անձնական կյանքին: Ինչ վերաբերում է իմ հրապարակային կյանքին, ես թաքցնելու որեւէ բան չունեմ»:
Թե կոնկրետ ի՞նչ չափի ունեցվածք ունի Ռշտունին ու ինչպե՞ս է կուտակել այդ հարստությունը, ասաց, որ իր ընտանիքը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: «Բոլորը գիտեն դրա մասին, ոչ թաքցնում ենք, ոչ էլ մեկ այլ անձի անունով գրանցված գույք ունենք: Ես իմ գործունեությունը չեմ օգտագործել՝ իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք, օգուտ ձեռք բերելու համար: Մինչեւ դատավոր դառնալն էլ գույք ունեինք»,֊ ասաց Ռշտունին:

 

Արմինե Գևորգյան