Բավ է պառակտվել
29-06-2020 14:32

Ունեզրկում, թե բյուջե լցնում․Գույքահարկի նոր օրենք թեժ քննարկման թեմա

 

Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից է գույքահարկի փոփոխությունների նախագիծը։ Կառավարությունը մի քանի օր առաջ՝ մայիսի 27-ին, ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է անշարժ գույքի գույքահարկերի փոփոխություններ։ 

Հարկային օրենսգրքում կառավարության այսօր ընդունած փոփոխությունների համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այսուհետ հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա ։
Եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլևս չի լինելու։
Անշարժ գույքը բաժանված է երկու խմբի՝ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ և անհատական բնակելի տներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ, և որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։
Բնակարանների դեպքում առաջին մակարդակը մինչև 10 միլիոն դրամն է, որի համար տարեկան պետք է վճարեք 0,05 տոկոս գույքահարկ, իսկ անհատական բնակելի տների դեպքում՝ 7 միլիոնը, որի պարագայում, դարձյալ, պետք է վճարեք 0,05 տոկոս գույքահարկ։
Օրինակ՝ եթե Կադաստրի կոմիտեն ձեր բնակարանը գնահատել է 9,5 միլիոն դրամ, տարեկան կվճարեք 4 հազար 750 դրամ գույքահարկ։
«Կառավարությունը համարում է, որ անշարժ գույքի համար այսօր հարկվող գումարները շատ ավելի ցածր են, քան իրականում պետք է լինեն։ «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվում»,- նշված է նախագծում, որը ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը։
Գույքի կադաստրային արժեքը որոշում է Կադաստրի կոմիտեն։
Բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք համարվող անշարժ գույքի համար նախատեսված են հարկման վեց դրույքաչափեր։
Մինչև 10 մլն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 21 հազ. դոլար) արժեցող բնակարաններն են, որոնց տարեկան գույքահարկի դրույքաչափը 0.05%-ն է։ Այսինքն՝ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 5 հազար դրամ։
Այնուհետև, յուրաքանչյուր նոր մակարդակի, այսինքն՝ ավելի թանկ բնակարանի կամ տան դեպքում գույքահարկի չափն աճում է։ Օրինակ՝ եթե բնակարանի արժեքը 10-ից 25 միլիոն դրամի շրջակայքում է, ենթադրենք՝ 23 միլիոն դրամ, ապա սեփականատերը տարեկան կվճարի հինգ հազար դրամ և տասը միլիոն դրամը գերազանցող մասի 0,1 տոկոսը, այս պարագայում՝ 13 միլիոն դրամի 0,1 տոկոսը կամ 13 հազար դրամ, և սրան էլ գումարում ենք հինգ հազարը՝ ընդհանուր առմամբ տարեկան կվճարի 18 հազար դրամ։
Իսկ եթե ձեր բնակարանի արժեքը 58 միլիոն դրամ է, ապա ձեր բնակարանը ընդգրկված է, այսպես ասած, չորրորդ մակարդակում, ուր արժեքները տատանվում են 47-ից 75 միլիոնի միջև։ Դուք պետք է տարեկան վճարեք 64 հազար դրամ և 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0,4 տոկոսը։ Այսինքն՝ 58 միլիոնից հանում ենք 47 միլիոն, ստանուն ենք 11 միլիոն, պետք է տարեկան վճարեք 11 միլիոնի 0,4 տոկոսը կամ 44 հազար՝ գումարած 64 հազարը, ընդհանուր՝ տարեկան 108 հազար դրամ գույքահարկ։
Բնակարանների դեպքում ամենաթանկ՝ վեցերորդ մակարդակը 100 միլիոն դրամը գերազանցողներն են, որոնց դեպքում սեփականատերերը վճարելու են 326 հազար դրամ՝ գումարած 100 միլիոն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը։
Ի դեպ Ֆեյսբուքում սկսվել է նոր ֆլեշմոբ, որի մասնակիցները, ներկայանալով որպես բնիկ երևանցի, դեմ են արտահայտվում գույքահարկի բարձրացմանը: Ակցիային արդեն միացել են հայտնի արվեստագետներ, քաղաքական, հասարակական գործիչներ, նաև շարքային քաղաքացիներ: Սոցիալական ցանցերում տեղադրվող գրառումներում նշվում է, որ եթե հիմա քաղաքացիները չբարձրաձայնեն իրենց իրավունքների մասին, ապա վաղը ստիպված կլինեն զրկվել իրենց բնակարաններից և տներից:
Ֆլեշմոբին արձագանքել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որը մասնակիցներին հրավիրել է խորհրադարան։ Նա նշում է, բարձրացումը առաջին 3 տարիներին սահուն է լինելու ու մարդիկ դա չեն զգալու։
Նշենք, որ նոր օրենքով ամենաբարձր գույքահարկ կվճարեն մայրաքաղաքի կենտրունում ապրողները։ Իսկ այդ մարդկանց շարքերում կան տարեցներ, ովքեր այսօր եկամուտ չունեն։ Բաբկեն Թունյանն ասում է, որ տարեցները կարող են հանգիստ լինել։ Նրանց ոչ –ոք չի անհանգստացնի, բայց երբ տվյալ տունը վաճառվի, ապա գույքահարկը ամբողջությամբ պետք է մարվի։ Պատգամավորը նաև այլ առաջարկ էլ է անում, եթե չեն կարողանում վճարել գույքահարկը, ապա կարող են վաճառել այդ բնակարանը ու տեղափոխվել ծայրամաս ապրելու։

Ներկայում օրենքով անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բոլորովին այլ են։ Բացի այդ, ինչպես նշեցինք այս պահին կադաստրային ու շուկայական արժեքները խիստ տարբեր են։ Հետևաբար, ներկա դրույքաչափերի հետ առաջարկվող համեմատությունները անտեղին կլինեն։ Կարելի է միայն կոնկրետ օրինակներով պատկերացում կազմել, թե ում համար է գույքահարկը բարձրանում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ներկայում կադաստրային արժեքներին ու գույքահարկերին, մի քանի օրինակներ է ներկայացրել։ Օրինակ՝ նշում է, որ Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ։
Եթե նրա ներկայացրած թվերի հիման վրա հաշվարկենք՝ նկատի ունենալով, որ կառավարության առաջարկվող փոխությունների ուժի մեջ մտնելու ժամանակ կադաստրային ու շուկայական արժեքները մոտարկված են լինելու, կստացվի, որ նույն Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլարանոց բնակարանը դրամով կարժենա մոտ 39 մլն դրամ, ապա այն կներառվի վերևում ներկայացված դրույքաչափերի երրորդ շեմում և տարեկան կվճարի 48 հազար դրամ՝ ներկայիս 9 հազար դրամի փոխարեն։

Իսկ անհատական բնակելի տների համար կառավարությունն այլ շեմեր ու դրույքաչափեր է առաջարկում։ Այստեղ ևս վեց շեմ է սահմանվում։

Առաջինը մինչև 7 մլն դրամ (14.5 հազ. դոլար) գնահատվող տներն ամ։
Երկորդ շեմը 7-23 մլն դրամն (14.5-48 հազ. դոլար)։ Առավելագույնը՝ 19.5 հազար դրամ գույքահարկով։
Ամեն հաջորդ շեմով բարձրանում է նաև գույքահարկի չափը։
Երրորդ շեմ։ 23-50 մլն դրամ (48-103.5 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 19.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը։ Առավելագույնը՝ 73.5 հազ. դրամ։
Չորրորդ շեմ։ 50-85 մլն դրամ (103.5-176 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 73.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը։ Առեվելագույնը՝ 213.5 հազար դրամ։
Հինգերորդ շեմ։ 85-120 մլն դրամ (176-248 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 213.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6%-ը։ Առավելագույնը՝ 423.5 հազ. դրամից։
Վեցերորդ շեմում 120 մլն դրամից ավել գնահատվող տներն են, որոնք տարեկան գույքահարկը սկսվելու է նվազագույնը 423.5 հազ. դրամից։
Առաջարկվող դրույքաչափերը, տարեկան

Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն չորս տարում
Այս բոլոր փոփոխությունները միանգամից չէ, որ ուժի մեջ են մտնելու։ Դա տեղի կունենա աստիճանաբար՝ չորս տարում։ Ֆինանսների նախարարության նախագծում առաջարկվում է հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում։
«Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023 թվականին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից»,- նշված է նախագծում:

… եթե Ազգային ժողովն ու նախագահը համաձայնություն տան
Այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Եվ միայն օրենսդիր մարմնի հավանությանը արժանանալուց և նախագահ Արմեն Սարգսյանի կողմ ից ստորագրվելուց հետո կարելի է նախագիծը համարել ընդունված։ Դեռևս հստակ ժամկետներ չկան, թե երբ այն կքննարկվի ԱԺ-ում։

Կենտրոնում ապրող մանկավարժի ու թոշակառուի խնդիրը
Գույքահարկի նոր փոփոխությունների թեման միանգամից բազմաթիվ հարցեր է առաջացրել քաղաքացիների շրջանում։
Կառավարությունը դեռևս չի տվել հարցի պատասխանը, թե մայրաքաղաքի կենտրոնում ապրող, բայց ցածր եկամուտ ստացող թոշակառուն, մանկավարժը, վաճառողը և այլք, ովքեր իրենց բնակարանները ժառագնություն են ստացել, ինչպես են վճարելու տարեկան գույքահարկը։ Երևանի կենտրոնում բնակարանները, ի տարբերություն, մյուս վարչական շրջանների, շատ ավելի բարձր արժեք ունեն։ Հետևաբար՝ նրանց պարագայում գույքահարկի նկատելի բարձրացում է սպասվելու։ Այսինքն՝ նրանց հարկային բեռը միանգամից ծանրանալու է։
Մյուս ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք Կադաստրի կոմիտեն ունի՞ բավարար ռեսուրսներ անշարժ գույքի իրական գներին մոտ կադաստրային գներ սահմանելու համար։ Արդյոք տնտեսության այս ճգնաժամային իրավիճակում, երբ անշարժ գույքի գնանկումը բոլորովին չի բացառվում, կրկին չե՞ն շեղվի կադաստրային ու շուկայական արժեքները։
Եվ, առհասարակ, արդյոք ճի՞շտ ժամանակ է ընտրված այս փոփոխությունների համար։ Սպասվում է, որ Ազգային ժողովի քննարկումներում այս հարցերը կբարձրացվեն։
Քննարկվում է նաև սոցիալական արդարության թեման. համահարթ եկամտային հարկմանը զուգահեռ պրոգրեսիվ գույքահարկը որքանո՞վ է լուծում սոցիալական արդարության հարցը։ Օրերս էլ թարմացրել է համատարած հայտարարագրման թեման։ Մի խոսքով՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական կյանքում կարևոր, բայցև՝ խնդրահարույց փոփոխություններ են սպասվում։

 

 

 

Արմինե Գևորգյան