Բավ է պառակտվել
12-12-2019 18:24

Ոստիկանությանը տա՞լ գաղտնալսման իրավունք, թե ո՞չ

Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է Հայաստանի ոստիկանությանը հնարավորություն տալ ինքնուրույն գաղտնալսել այն քաղաքացիների հեռախոսազրույցները, որոնք որպես կասկածյալ անցնում են այս կամ այն գործով։

Ոստիկանությանը տա՞լ գաղտնալսման իրավունք, թե ո՞չ։ Կառավարությունը դեմ է, իսկ օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը։ Նախագծի համահեղինակներ են «Իմ քայլից» Արմեն Խաչատրչյանն և Սիփան Փաշինյանը։ Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագիծն ակտիվորեն քննարկվում է։ Սիձան Փաշինյանն ասում է ՝ այս օրերին իրեն ամենաշատը մեկ հարց է տրվել՝ հիմա ոստիկանությունը մեր հեռախոսազրույցերը լսելո՞ւ է։ «Օրինագծի ընդունումը չի նշանակում, թե ում երբ ասես կարող են գաղտնալսել։ Քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորությունը դատարանի որոշմամբ Ոստիկանությունն օրենքով արդեն 12 տարի է՝ ունի։ Բայց ենթադրենք՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրյալին հանցագործության գիշերը չորսին կարիք է առաջացել, որ անհապաղ գաղտնալսեն և հեռախոսային վերահսկողություն իրականացնեն: Օրենքը նախատեսում է դեպքեր, որ անհապաղ ոստիկանությունը կարող է վերահսկողություն սահմանել:»,–ասում է Սիփան Փաշինյանը։
Օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանն էլ բացատրում է՝ այժմ գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի միայն ԱԱԾ։ Այսինքն, եթե ոստիկանությանը պետք է գաղտնալսեր ենթադրյալ հանցագործին, ապա գնում էր դատարան, ստանում էր գաղտնալսման որոշում, հետո դիմում էր ԱԱԾ։
«ՀՀ ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի միակ ունիվերսալ մարմինն է, որին բաժին է ընկնում հանցագործությունների ութսուն տոկոսը։ Հեռախոսային գաղտնալսումներն ամենամեծ ծավալով իրականացնում է Ոստիկանությունը՝ դատարանի թույլտվությամբ։ Ոստիկանությունը գաղտնալսումը իրականացնում է նաև ԱԱԾ-ի միջոցով, ինչը նշանակում է ավելորդ ծանրաբեռնվածություն ԱԱԾ-ին, ինչպես նաև հրատապության խնդիր է առաջանում»,–ասում է օրենքի համահեղինակը։
Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը, ով մանրամասն ուսումնասիրել է օրենքի նախագիծը, փոփոխությունը պարզապես տեխնիկական չի համարում, կարծում է՝ քաղաքացիների անձնական կյանքի տոտալ վերահսկողության վտանգ կա: Վերջինս հիշեցնում է, որ տասը տարի է անցել մարտի մեկից, ԱԱԾ-ն ուներ ու տեսանկարահանում էր ամեն բան; Նման հարցադրոււմ է անում՝ ո՞ւր են դրանց հետևանքները և այսքան տարի ո՞ւմ է ծառայել այս ագենտուրան։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ԱԱԾ-ն դուրս է եկել կառավարության իրավասությունից և նման քայլերով իշխանությունները փորձում են այլ մարմնի միջոցով լուծել այդ հարցը, ինչը, իրավացիորեն, հասկանում եմ։ ԱԱԾ –ն այս պահին մոնոպոլ դիրքոււմ է գտնվում»,–ասում է Խառատյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, Ոստիկանության և ԱԱԾ-ի արմատական փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի հանրության վստահություն ձևավորվի նրանց նկատմամբ։

«Անգամ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մնացել են նույնը, եկեք համակարգերը փոխենք, մասնավորապես ԱԱԾ-ն համակարգային փոփոխման կարիք ունի։ ԱԱԾ-ն երկար տարիներ ունենալով այդ գործիքը բացարձակ որևէ սխեմա չի բացահայտել, ու նման պարագայում այդ գործիքը տրամադրում ենք մյուս մարմնի»։

Սակայն Արմեն Խաչատրյանը ասում է, որ օպերատիվ հետախուզական մարմինները պետք է լինեն մեկը մյուսից անկախ. նույն կարգավիճակ ունեցող մարմիններն իրավունք չպետք է ունենան մեկը մյուսին վերահսկելու: Ուստի ոստիկանության՝ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու սարքն ունենալու դեպքում կսկսվի առողջ մրցակցություն, ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունն էլ կնվազի:

 

Արմինե Գևորգյան