Բավ է պառակտվել
16-01-2020 12:24

Ներառական կրթության ծրագիրը հենց սկզբից խեղաթյուրվեց․փորձագետ

Ներառական կրթության ծրագիրը հենց սկզբից խեղաթյուրվեց`ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով, դպրոցները, որոնք սելեկտիվ կրթություն են իրականացնում, արդեն իսկ հականերառական միջավայր են ստեղծում։ Պատմում է` առաջին դպրոցները, երբ սկսեցին ներառական կրթության անցնել, ոչ ֆորմալ խոսակցություններ կային, որ լավ ծրագիր է, կահույք են տալիս, սնունդ, լրացուցիչ հաստիքներ եւ գումար։ Դպրոցների ֆինանսական վիճակն էլ այդ ժամանակ շատ ավելի ծանր էր, քան այսօր, ուստի նրանք փորձեցին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ.
Խաչատրյանը նշում է, որ դպրոցներն ունեն նաև մասնագետների և առաջին հերթին տնօրենների խնդիր։ Կրթության փորձագետի խոսքով, դպրոցների տնօրենները ինչ-որ առարկաների մասնագետներ են և ունեն որոշ կառավարչական հմտություններ։ Բայց նրանց ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում՝ հոգեբանը ով է, սոցիալական աշխատողը ով է, ինչպես պետք է համակարգել նրանց աշխատանքը։

«Դպրոցի տնօրենը էդ վիճակներին չի տիրապետում, դրա համար դպրոցներում ներառական խմբի հետ աշխատող մասնագետները պարապ նստած են։ Բացի այդ, նշված մասնագետներն էլ ոչ միշտ ունեն անհրաժեշտ պաշարով գիտելիք»:

Ներառական կրթության փորձագետ, Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի անդամ Արմինե Ավագյանը փաստեց, որ ներառական կրթությունը ներդնելիս ի սկզբանե կենտրոնացել են զարգացման ու հաշմանդամության խնդիրներ վրա, մինչդեռ ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չի նախատեսված.
«Այն բազմազանության կրթությունն է, որտեղ կարող են ներառվել ոչ փայլուն մտավոր կարողություն ունեցող երեխաներից մինչև ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցող երեխան։ Իսկ մեզ մոտ այդ կրթությունը կենտրոնացավ խնդիր ունեցող երեխաների վրա և ընկալվեց որպես նրանց առջև դպրոցի դռները բացելու ծրագիր, որը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ մասնագետների, թե՛ ծնողների կողմից»։

Ավագյանի խոսքով, կրթական կարիքի գնահատումը խնդրահարույց է և պարունակում է կոռուպցիոն ռիսկ, որովհետև գնահատման որոշ գործիքներ հավաստի ինֆորմացիա չեն տալիս երեխայի մասին Իսկ գնահատող մասնագետների մասնագիտական հմտություններ»ը լիարժեք չեն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ հնչող տեսակետները ժամանակավրեպ են, քանի որ ներառական կրթության համակարգում փոփոխություններ են կատարվել։

«Նշված գնահատման գործիքներն այսօր չկան։ Նախկինում գնահատումը տեղի էր ունենում բժշկական փաստաթղթի հիման վրա, իսկ այսօր այն չի համարվում առաջնային։ Փոխվել է նաև ներառական կրթական համակարգի ֆինանսավորման ձևը, ինչը քչացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Երեխայի ուսումնական կարիքին համապատասխան տրվում է գնահատում և ֆինանսավորում։ Թեթև կարիքի դեպքում երեխան նույնքան գումար է տանում դպրոց, որքան խնդիր չունեցող երեխաները»,- նշեց Հովսեփյանը։

Հայաստանը փուլ առ փուլ, ըստ մարզերի, անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականին և կավարտվի 2025- ին։

 

Արմինե Գևորգյան