Բավ է պառակտվել
28-01-2021 19:00

«Սնարյադները սկսեցին անձրևի պես տեղալ»․ Շրջափակումից փրկված Դավիթը արդեն տանն է


20 – ամյա Դավիթ Թեմուրյանը 4 օր առաջ է զորացրվել բանակից։ Դարակում այլ իրերի կողքին ավելացել է «Մարտական ծառայություն» մեդալը։ Դավիթը քթի տակ ժպտալով ասում է՝ ինքն էլ չգիտի՝ ինչու է հրամկազմն իրեն նման պարգևի արժանացրել։

Դավիթը ծառայության մեկնեց Արցախ, նախ՝ 1,5 տարի Շուշիում, իսկ պատերազմի ընթացքում՝ արդեն Մատաղիսում։ Իր հերթափահության օրն էր, երբ լսվեցին առաջին կրակոցները։
«Անմիջապես կապ տվեցի ու ներկայացրի իրավիճակը, չանցավ մի քանի րոպե, ու սնարյադները սկսեցին անձրևի պես տեղալ»։ Բայց Դավիթն ասում է՝ այդ ժամանակ ժամանակ չկար այլ բանի մասին մտածելու, մտքին միայն այն էր, որ պետք է պաշտպանել հողն ու դիրքը։

Կռվից անցել արդեն էր մի քանի օր, ու ոչ սովորական իրավիճակն էլ դարձել էր սովորական։ Դավիթն ընկերների հետ հայտնվեց շրջափակման մեջ։

Մոտ տասը րոպե խաչաձև հարցեր եմ տալիս, որ կարողանամ հասկանալ՝ ի՞նչպես եղավ, ո՞նց դուրս եկան։ Հարցերս լսում ու քթի տակ ժպտում է, բայց ինձ հաջողվում է ընդամենը մի քանի բան իմանալ։
«Դե տանկերը եկել ու կանգնել էին մեր կացարանի դիմաց․․․, հույս էինք փայփայում, բայց ամեն րոպե սպասում էինք, թե մեր հերթը երբ պետք է գա։ Բայց մենք դուրս եկանք, իսկ թե ոնց՝ թող գաղտնիք մնա»։

Դավիթի մորաքույրը՝ Աննա Սիմոնյանը, հիշում է՝ տասնյակ օրեր բացարձակ տեղեկություն չունեին՝ որտեղ է քրոջ որդին, և, ինչպես բոլորը, այդ օրերին ապրում էին զանգից զանգ։
«Երբ այդ օրերին զանգում էինք, նա ասում էր ՝ ամեն ինչ լավ է, սալաթ ենք պատրաստում։ Եթե հարցնեինք՝ որտեղ ես, ասում էր՝ լավ չե՞ք, ի՞նչ հարցեր եք տալիս։ Իսկ երբ արդեն տևական ժամանակ լուր չունեինք, այդ ժամանակ հասկացա՝ ինչ է նշանակում «արյունը երակների մեջ սառել է» միտքը։

Շրջափակման մեջ լինելու ժամանակ հաճախ է մտածել՝ արդեն վերջ, բայց ինչ-որ գերբնական ուժ նրանց պահել է, հուսադրել, որ դուրս են գալու․ Դավիթն է պատմում։
«Ընդհանրապես չենք մտածել փախչելու կամ ինչ-որ բան թողնելու մասին»։

Դավիթը զորացրվել է, բայց, ինչպես ասում է, դեռ չի վերադարձել իրականություն։ Իսկ իրականությունը շատ դառն է։ Մեր հանդիպումից մեկ օր առաջ մասնակցել էր ընկերոջ հուղարկավորությանը։ Մարտի դաշտում էլ շատ ընկերների է թողել։ Դավիթի հայրը արցախյան առաջին ազատամարտի մասնակից էր, մասնակցել է Շուշիի ազատագրմանը և հայրենի սահմաններն ամուր պահելու գաղափարը Դավիթին ժառանգաբար է փոխանցել։
«Որ առաջին անգամ լսեցինք՝ արդեն վերջ, սիրտս ահավոր լցվել էր, քանի որ հորս ազատագրած հողերը լրիվ մնացել էին այն կողմում․․․ Մատաղիսը, Շուշին, Հորադիզը․․․»

Դավիթի մայրը՝ տիկին Լուսյան, պատմում է՝ եկած օրվանից տղային հարց ու փորձ են անում, որ խոսի այդ օրերի մասին։ Դավիթը լուռ է կամ խոսում է քիչ, շատ քիչ։ Դավիթի մորը Դավիթի ծառայության, կազմակերչական աշխատանքների մասին պատմել են ընկերները, նաև որդու հետ ծառայած կամավորականները։
Պատերազմի օրերին ոչ մի անգամ չեմ արտասվել՝ անկեղծանում է Դավիթի մայրը․ կարծես քարացած լինեի։ Առաջին անգամ արտասվել է համաձայնագրի ստորագրումից հետո։ Չգիտեր, ինքն էլ չէր հասկանում՝ ուրա՞խ էր, թե՞ տխուր։
«Անկեղծ ասած՝ անբացատրելի զգացում էր, ու չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ»։

Մինչ մայրը խոսում է, Դավիթը ժպտում է։ Ինքն իր գործն է արել ընդամենը, խնդրում է այդ մասին չխոսել։ Ինքն իր համար որոշել է՝ կիսատ թողածը պետք է շարունակել․ պարտքեր շատ ունեն։