Բավ է պառակտվել
09-09-2019 15:22

Անցյալով լի սունդուկը․ Գաղթած Տիկին Թամարայի հուշերը Ճալեթ գյուղի մասին (Լուսանկարներ)

  
Ավտոմեքենայի շարժիչը միացնում ենք ու շարժվում դեպի Դեբեդավան։ Գյուղ տանող ճանապարհը բավականին անբարեկարգ է, դրան գումարվում է տեղացող հորդառատ անձրևը ու մեր ճամփան էլ ավելի է դժվարանում։
Սակայն դա չի խանգարում գյուղ հասնելու համար։ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղը սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին:
Այստեղ հիմնականում ապրում են Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղից բռնագաղթածներն ու Կուտկաշենի և Խանլարի շրջաններից տեղահանվածները:

Գյուղ հասնում ենք արդեն կեսօրին, անձրևը մի փոքր դադարում է, ես սկում եմ պտտվել գյուղում։ Ինձ ուղեկցում են դեպի գյուղի ամենատարեց բնակչի տուն։
Ներս եմ մտնում, սեղանին թեյ, քաղցրավենիք, մյուս կողմում էլ՝ կանայք ձմռան համար բանջարեղենի պահածո են պատրաստում։

 

Տիկին Թամարայի հետ մեր զրույցը ստացվում է հենց սկզբից։ Երկար տարիներ աշխատել է Վարդաշենի հայ-ադրբեջանական դպրոցում, տարրական դասարանների դասվար է եղել։ Հիշում է իր մանկությունը, պատանեկությունն ու աշխատանքային տարիները։ Զրույցի ընթացում ընկեր Թամարայի հայացքը պարբերաբար ուղղվում է իրենց գյուղի կողմը։ Հարցնում եմ՝ ցանկություն ունի՞ տեսնելու գյուղը․
«Կուզեմ գնամ, ման գամ իմ ապրած տեղերը, տեսնեմ իմ տունը, բայց չեմ ուզում ապրեմ այնտեղ։ Մենք հարեւաններով շատ մոտիկ էինք, եթե հարեւանները լավ բան էին սարքում, անպայման ինձ բերում էին, ես դե մանկավարժ էի, ինձ բոլորը սիրում էին»,- պատասխանում է։
Հետո վեր է կենում ու պահարանից բերում լուսանկարների ալբոմը, որտեղ իր դասարանի աշակերտների նկարներ էին։ Հպարտությամբ նշում է, որ 61 թ-ից պարտիայի անդամ է եղել։

  

Նկատում եմ դիմացս դրված սնդուկը ու հասկանում, որ այն բերել են Ճալեթից։ Այնտեղից կարողացել էին բերել նաև ընտանեկան գորգն ու կարպետը, որոնք միայն իրեր չեն, այլ ընտանիք հիշողության մի մասը։
Հանկարծ լուսանկարներից առանձնացնում է դպրոցի տնօրենի լուսանկարն ու պատմում, որ 88 թվականին, երբ արդեն սկսվել էր տեղահանումը, կանչում են իրենց տնօրենին ու ասում.
«Մանկարվարժներիդ ասա թող իրերը հավաքեն ու գնան այստեղից»։
Ընկեր Թամարան այդ օրը աշխատանքի չէր, Բաքու էր գնացել՝ քրոջ մոտ, ու վերադարձին ավտոբուսի մեջ է լսում, թե ինչ գազանություններ են կատարվել Սումգայիթում։
«Ավտոբուսում նստած եմ, հիմա բոլորը գիտեն, որ ես Վարդաշեն աշխատել եմ, ինձ ճանաչում են։ Եկանք, հասանք Բայանասողին գյուղ։ Մի տղա կար ավտոբուսի մեջ, 10-րդ դասարան ավարտած։ Որ իջնում էր՝ վարորդներից մեկը թուրքերեն հարցրեց՝ որտեղից ես։ Ասեց Սումգայիթից եմ։ Մյուս վարորդը հարցրեց ՝Սումգայիթում քանի հայի գլուխ ես կտրել։ Ավտոբուսում գտնվողները գիտեն, որ ես հայ եմ, բոլորը պտտվեցին՝ ինձ են նայում։ Ես էլ հայացքս ուրիշ կողմ եմ ուղղել, չգիտեմ ինչ անեմ։ Մի կերպ այդ ավտոբուսով հասա տեղ։ Ու արդեն պարզ դարձավ, որ մեզ հանում են։ Ասում էին հայերին մահ, մի հատ հայ չպիտի մնա այստեղ: Մեզ ոստիկանների ուղեկցությամբ արդեն դուրս հանեցին։ Ճանապարհին ավտոբուսը կանգնեց ու մի մարդ բարձրացավ հարցրեց ,թե ինչու եք տանում հայերին, տվեք բոլորին տանեմ գլուխները կտրեմ։ Մի կերպ մահն աչքներիս առաջ եկանք Հայաստան»։
Կարոտում եմ հայրենի գյուղը՝ ասում է, պատմում է, որ հաճախ իրենք տանը խոսում են ճալեթի բարբառով։ Բայց ասում է, որ դպրոցում խոսում էր գրական հայերենով։
Մեր զրույցին միանում է նաև եղբոր տղան ու պատմում, որ Դեբեդավանի ամենաբարձր տեղում մի քանի ամիս հետո խաչքար են տեղադրելու։ Մի փոքր տարակուսում եմ ու մտածում, թե այդ գումարով հնարավոր կլիներ գոնե գյուղի փողոցների մի մասը բարեկարգել։ Պարզվում է, որ խաչքարը հատուկ նպատակով է դրվում։ Նրան խնդրում եմ ինձ ուղեկցել այդ վայրը ու ճանապարհին արդեն պատմում է խաչքարի պատմությունը։
«Դեբեդավանի դիմաց ադրբեջանաբնակ գյուղեր են, ու ամեն օր այստեղից լսելի է լինում նրանց նամազի ձայնը։ Գյուղացիներն ասում են անգամ պատուհաններն ենք փակում, որ չլսենք, բայց անօգուտ։ Ուստի որոշեցինք խաչքար տեղադրել գյուղի ամենաբարձրադիր մասում, որտեղ ձայնային ուժեղացուցիչների միջոցով հնչելու է տերունական աղոքը և հայկական հոգևոր երգեր»։
Գյուղամիջում եմ ու այն աղբյուրի մոտ, որտեղից տարիներ շարունակ մարդիկ դույլերով մեծ տարաներով խմելու ջուրը կրել են իրենց տուն։ Նախկինում այստեղ հերթեր էին գոյանում, իսկ հիմա մարդ չկա։

Կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի ջրագիծ, ներդրվել է 49 մլն դրամ։ Ու Նրանց այստեղ հաստատվելուց միայն երեք տասնամյակ անց գյուղը ունի 24 ժամյա ջրամատակարարում։

 

Արմինե Գևորգյան