Այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: Այս մասին ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որի հեղինակները նշում են, որ թանգարան-ինստիտուտի մոտ այրվել են փաստաթղթեր ու լուսանկարներ, որոնք վկայում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։
«Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Հայոց ցեղասպանության մասին
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 մլն հայերի մասսայական ոչնչացման փաստը, և շատ ծանր է տանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի կողմից իրեն ուղղված մեղադրանքները:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ 1965 թվականին Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդում են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի Պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգներ և Կոնգրեսի երկու պալատները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: