Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, հինգշաբթի կառավարության նիստին ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա նշել է, որ նախօրեին Արցախ մուտք գործելուն սպասող մարդասիրական բեռների շարասյունին է միացել Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատար, որոնց մուտքը նույնպես արգելե էլ։
«Այս քաղաքականության հիմնական նպատակն է ազազտել Լեռնային Ղարաբաղի տարածքը հայերից: Ինչպես նախկինում ասել եմ՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում, կամ գուցե ավելի սուր հատվածում, միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձն»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ։
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
«Հակառակ դեպքում Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,- ասել է վարչապետը։
Օգոստոսի 30-ին Արցախի համար Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռներով շարասյունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ Երևանից ուղևորվել է Կոռնիձոր։
Հունիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 361 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն բեռնատարների շարասյունը մինչ օրս կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Ադրբեջանը, փաստացի, արգելափակել է նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 9-ին Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնության բեռնատարների շարասյանը միացավ Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությամբ առաջին բեռնատարը։