Բավ է պառակտվել
02-08-2023 14:47

Ռուս խաղաղապահները կապի մեջ են Ադրբեջանի հետ. Զախարովան կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահները կապի մեջ են Ադրբեջանի հետ՝ Արցախ մարդասիրական ավտոշարասյունը թողնելու հարցով։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմը ակտիվորեն միացել է լուծման որոնումներին եւ մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ: Այս համատեքստում համարում ենք, որ ցանկացած մեղադրանք ռուս խաղաղապահների հասցեին հակաարդյունավետ է եւ չի արտացոլում նրանց իրական ավանդը երկրի վրա իրավիճակի կայունացման ջանքերում։ Ուստի, շփումներ են հաստատվել, եւ, ես կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները», - նշել է Զախարովան։

Նա կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Մենք աշխատում ենք կողմերի հետ, և չնայած նրան, որ հանրային կոչերը չեն գործում, այնուամենայնիվ մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքը շտապ ապաշրջափակելու և տեղի բնակիչների կյանքի համար նորմալ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը: Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական, այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։

Սամանթա Փաուերը միացել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Բլինքենի կոչին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել ԶՈՒ Հայաստանի տարածքից և ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով
Ռուս խաղաղապահների մոտ մեկուկես տասնյակ բեռնատար Հայաստանից շարժվել է Արցախ (տեսանյութ)
Հայաստանի ԱԽ քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին կառուցողականություն դրսևորել բանակցային գործընթացում