Մոսկվան ԼՂ–ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկի Բաքվի հետ, բայց կշարունակի շփումները նաև Երևանի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմա նրանք (ՌԴ խաղաղապահները) իսկապես դե–ֆակտո և դե–յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, դա ճանաչում է ՀՀ վարչապետ Փաշինյանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է նրանց տեղակայման հետագա ռեժիմին և մնացած բոլորի հարակից մանրամասներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ», – նշել է Պեսկովը։
Նա նաև ավելացրել է, որ «ՌԴ–ն, իհարկե, կշարունակի շփումները նաև հայ ընկերների հետ»։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայման հնարավորության հարցը չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում։
Նախօրեին Փաշինյանը ձեռնպահ մնաց «ուղիղ և կոնկրետ» պատասխանել Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ-ի ներկայության շարունակականության վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ եթե խաղաղապահները լքեն Լեռնային Ղարաբաղը, ապա նրանք պետք է վերադառնան Ռուսաստան։ Նա հավելեց, որ Հայաստանում ռուս խաղաղապահների տեղաբաշխման մեջ տրամաբանություն չի տեսնում։