ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցի քննարկմանը, կազմակերպությունը Երևանից պատասխանի է սպասում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«ՀԱՊԿ-ը կազմավորող պետությունները երբեք չեն հեռացել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ջանքերից եւ քանիցս հաստատել են, որ պատրաստ են կոնկրետ որոշումների, որոնք թույլ կտային մեր հայ բարեկամների համար առավելագույն օգուտով գործի դնել կազմակերպության լայն հնարավորությունները։ Նախկինի պես սպասում ենք Երեւանի դրական արձագանքին եւ պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ծավալման առաջարկի, ինչպես նաեւ մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների ուղղությամբ»,- ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա համատարածաշրջանային իրավիճակի վրա»։
«Մեկ անգամ եւս ընդգծեմ. մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,- նշել է նա։
Միեւնույն ժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երեւանում հասկանում են, որ արեւմտյան երկրները փորձում են քաղաքական եւ տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, ներառյալ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս պատճառեն ՌԴ-ին ու նրա դիրքերին Հարավային Կովկասում»։
«Հանուն այդ խնդրի իրականացման նրանք փորձում են խափանել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում նրանք, որոնք հենվում են ՀԱՊԿ հնարավորությունների վրա։ Հույս ունենք, որ Երեւանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն, ինչպես եւ ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի շարժմամբ լուծվում է ցանկացած խնդիր»։
«Ղարաբաղյան հակամարտությունը առավել բարդերից է, այն ունի խոր պատմական արմատներ։ Կայուն կարգավորման միակ ճանապարհն անցնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետեւողական կարգավորման միջով՝ կողմերի բանակցությունների, փոխադարձ հարգանքի, փոխզիջման գնալու նրանց պատրաստակամության, պատասխանատու որոշումներ ընդունելու եւ դրանք կատարելու հիման վրա։ Այս համատեքստում չեմ կարող չնշել այն կարեւոր միջնորդական դերը, որը խաղում են այս ոչ հեշտ գործընթացում Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշել է Աղասանդյանը։
Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Երևանի պատրաստակամության մասին։ Մինչ այդ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Երեւանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից հանրապետության սահմաններին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան Երևանից քայլեր է սպասում Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հարցը մշակելու համար։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ ասել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «որոշակի խնդիրներ» է ստեղծում Երևանի համար, սակայն դրանք չեն սահմանափակում այլ երկրների հետ համագործակցությունը։ Հայկական կողմը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից ակնկալում է գնահատական Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։
ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին նշել է ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի երկխոսությունը հայ ընկերների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շուրջ։