Բավ է պառակտվել
23-04-2021 11:11

Ցանկալի չէ մոտակա ընտրությունները Հայաստանում անցկացնել նոր ԸՕ-ով․ Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Վենետիկի Հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են համատեղ եզրակացություն ապրլի 1-ին Հայաստանի խորհրդարանի ընդունած ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որով վերացվում է ռեյտինգային համակարգը։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,եզրակացությունում նշվում է, որ փոփոխություննրը վայելում են քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի հավանությունը, ինչպես նաև չեն փոխում ընտրական համակարգն, այլ, հակառակը՝ պարզեցնում են այն, ուստի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խնդիր չի տեսնում արտահերթ ընտրություններն ընդունված փոփոխություններով անցկացնելու հարցում։

Եզրակացությունում նշվում է, որ Վենետիկի Հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ արձանագրում են, որ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցությունները լայն մասշտաբով ու բավականին երկար ժամկետներում են անցկացվել:
Այդուհանդերձ, նշել է Հանձնաժողովը, Հայաստանի ԸՕ փոփոխությունները կատարվում են ընտրությունների օրվան շատ մոտ ժամանակահատվածում, ինչը ցանկալի չէ, բայց դա հազիվ թե լրջորեն խանգարի ընտրությունների մասնակիցներին։ «Փոփոխությունների փաթեթը ողջունելի է, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ / DՀՄԻԳ-ի կողմից արված նախորդ առաջարկների մեծ մասը, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելությունից հետո ԵԱՀԿ / IՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցները», - ասվում է փաստաթղթում:

Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին վերանայված Ընտրական օրենսգրքի և համապատասխան օրենսդրության իրականացման գործում:

Ընտրությունները և ԸՕ փոփոխությունների էությունը

Հինգշաբթի, ապրիլի 1-ին, խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ընդդիմությունն արտահայտեց իր դժգոհությունը. օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առանց ընդդիմության մասնակցության այս օրինագծի ընդունումն այժմ կասկածի տակ է դնում Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրինականությունը:

Նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային համակարգն ու վերադարձնել համամասնական ընտրական համակարգը։ Բացի այդ, փոփոխություններով առաջարկվել է սահմանել նոր անցումային շեմ կուսակցությունների և դաշինքների համար․ կուսակցությունների համար` 4%, երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`8%, երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար` 9%, չորս և ավել կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`10%։
Փոփոխություններով նախատեսվում է հանել հետընտրական կոալիցիաների ձևավորման գործընթացում մասնակցող կուսակցությունների թվի սահմանափակումն ու երկարացնել կոալիցիաներ ձևավորելու համար նախատեսված ժամկետը։
Առաջարկվում է խորհրդարանում ներկայացված ուժերի քանակը ներկա երեքից դարձնել չորս։ Կկրճատվի նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը` մինչև 7,5 մլն դրամ, կուսակցական դաշինքների համար այն կկրկնապատկվի` մինչև 15 մլն դրամ։

Ընտրությունները Հայաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում, սակայն կշարունակի գործել որպես վարչապետի ԺՊ՝ ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հետ քաղաքական խորհրդակցություններից հետո Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:

Միևնույն ժամանակ, որոշ քաղաքական ուժեր կարծում են, որ Փաշինյանն արդեն կեղծ մեկնարկ է տվել ընտրարշավին՝ պարբերաբար այցելելով մարզեր, անելով տարբեր հայտարարություններ և տալով նախընտրական խոստումներ:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովը լուծարելուց ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Միևնույն ժամանակ, խորհրդարանին լուծարման համար անհրաժեշտ կլինի առնվազն 14 օր, քանի որ Ազգային ժողովը կարող է լուծարվել վարչապետի հրաժարականի դեպքում։

Վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն յոթ օրվա ընթացքում առաջադրել թեկնածուներ, եթե դա տեղի չունենա, ապա անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, որոնցում մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուները: Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է օրենքի ուժով: